Հայաստանն ու ԵՄ-ն վերացնում են տեխնիկական խոչընդոտներն առևտրում

Բրյուսելից Հայաստան է ժամանել պատվիրակություն՝ Երևանում անցկացնելու ՀՀ-ԵՄ առևտրային կոմիտեի նիստ: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա ընդգծել է, որ միջոցառումը ամենամյա բնույթ է կրում և անցյալ տարի տեղի է ունեցել Բելգիայում: Կոմիտեի շրջանակում, նրա խոսքով, կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին և մասնավոր հատվածի համար համաձայնագրի շրջանակներում բացվող հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:

Գեւորգյանը նշել է, որ համաձայնագրի գործողությունների քարտեզի մի շարք դրույթներ վերաբերում են հենց առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը: Այդ կապակցությամբ նա հաղորդել է, որ հայկական կողմը մտադիր է կոմիտեի շրջանակներում առաջարկել նախաձեռնություն, որով նախատեսվում է հայկական արտադրողների կողմից ստացվող որակի հավաստագրերի բովանդակության համապատասխանությունը որակի եվրոպական չափանիշներին:

Փոխնախարարը նշել է, որ այդ ուղղությամբ շատ աշխատանք կա անելու, այդ թվում՝ անհրաժեշտ է Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնի անդամակցություն համապատասխան եվրոպական ասոցիացիային: Դա, նրա խոսքով, կհանգեցնի որակի հավաստագրերի փոխադարձ ճանաչման։

«Այս քայլերի շնորհիվ մեզ կհաջողվի վերացնել մի շարք տեխնիկական խոչընդոտներ առևտրում»,- ասել է նա:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 1.8 մլրդ դոլար՝ տարեկան 36.7% աճով։ Մասնավորապես, ներմուծումն աճել է 64,3%-ով՝ մինչև 1,3 մլրդ դոլար՝ արտահանման 5,3% անկման դեպքում՝ մինչև 516 մլն դոլար։

ajax-loader