ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման ներդրմանը

ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման համար որակի ստանդարտների ներդրմանը։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։ Նա հիշեցրել է, որ «կոնյակ» և «շամպայն» անվանումները կկիրառվեն այն ոգելից խմիչքների նկատմամբ, որոնք արտադրվում են Ֆրանսիայի համապատասխան շրջաններում:

«Այս ոլորտում բոլորին է հայտնի, որ կան որոշակի խնդիրներ։ Մենք ավելի վաղ ստորագրել ենք համաձայնագիր, որով պարտավորվել ենք աստիճանաբար հրաժարվել այդ անվանումներից։ Քայլ առ քայլ գնանք կոնյակի մակնշումը փոխարինելու»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր են զիջումներ այդ առումով, փոխնախարարն ընդգծել է, որ զիջումների հարց չէ։ Գեւորգյանը հավաստիացրել է, որ ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման պաշտպանությանը՝ ներդնելով որակի համապատասխան ստանդարտներ:

ՀՀ կառավարությունը 2021 թվականի մայիսին կայացած նիստի ընթացքում հավանություն էր տվել Եվրոպական հանձնաժողովի հետ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) 237-րդ հոդվածի իրականացմանն աջակցելու մասին ֆինանսական համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Համաձայն փաստաթղթին կից տեղեկանք-հիմնավորման ՝ համաձայնագրի նպատակն է աջակցել ՀՀ տնտեսական ներուժի զարգացման ջանքերին, ինչպես նաև ամրապնդել կայուն գործակցությունն առևտրի ոլորտում ՀԸԳՀ -ի դրույթների շրջանակներում, մասնավորապես, աջակցել համաձայնագրի 237-րդ հոդվածի (ՀԸԳՀ) համաձայն անվանումների աշխարհագրական մակնշման վերաբերյալ դրույթների իրականացմանը:

«Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում թողարկվող ապրանքների համար ԵՄ «կոնյակ» աշխարհագրական անվանման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը, ինչպես նաև նպաստել Հայաստանից արտադրանքի արտահանմանը միջազգային շուկաներում հայկական աշխարհահռչակ ոոգելից խմիչքի մրցունակությունը պահպանելու համար: Մասնավորապես, նպաստել նոր բրենդի մշակմանը, խթանել տվյալ անվան առաջխաղացումը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում գովազդի և շուկայական նիշերի պահպանման հարցում», – ասվում է փաստաթղթում։

Ծրագրի բյուջեն սահմանվել է 3 մլն եվրո։

ajax-loader