Գործադիրը կկրճատի ուսուցիչների աշխատաժամանակը

Կառավարության որոշմամբ վերանայվելու է դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք և այդպիսով աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարևոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա:https://www.youtube.com/embed/e9xL8e1nfXA?si=4yeIaCbSdsAl75Je

«Ներկայումս ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ: Բացի այդ, հանրակրթության նոր պետական չափորոշիչով տարրական դասարաններում միավորային գնահատման համակարգը չի գործում և ուսուցիչները մեծ ժամանակ պետք է հատկացնեն ձևավորող գնահատման մեթոդներով սովորողների հետ աշխատելու համար: Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է 1-4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար շաբաթական դասավանդման ժամերը սահմանել մեկ դրույքի համար 18 ժամ, իսկ 5-10-րդ դասարաններում՝ 20 ժամ»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ սա կհանգեցնի տարրական դասարանների ուսուցիչների մեկ դրույքի վարձատրության 20 տոկոս աճին, 5-10 դասարաններում՝ 10 տոկոս աճին: Այս փոփոխությանն առաջարկվում է գնալ փուլային տարբերակով․
«Ըստ այդմ, այս տարվա սեպտեմբերի 1-ից այս ձեւաչափով արդեն կարգավորվում են 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների դասավանդման գործընթացները: Մյուս  ուսումնական տարվանից նրանց կավելանան եւս 4 դասարաններ»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ այս նախագծով կարգավորում են նաև արտադպրոցական հաստատություններում մանկավարժների միասնական աշխատաժամանակի խնդիրը։

«Ըստ այդմ, առաջարկվում է այդ հաստատություններում կիրառել շաբաթական 20 ժամ դասավանդելու սկզբունքը եւ այս դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026-ի սեպտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով, որ սրանից բխող ֆինանսական հետեւանքներ կան»,- եզրափակեց Անդրեասյանը։

ajax-loader