Ոչ սպանդանոցային մորթից ստացված կենդանական ծագման մթերքն ամբողջությամբ կոչնչացվի. ՍԱՏՄ

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կիրականացվի ոչնչացում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հայտարարությունից:

«ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կիրականացվի ոչնչացում»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի իրականացման կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները։

Համաձայն այդ կարգավորումների․

կբացառվի առանց փաստացի մորթի տեսանկարահանման տրամադրել N 5 ձևի անասնաբուժական վկայական,

 կներդրվի մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից պիտակի տրամադրման պահանջ։

Անասնաբուժական վկայականի հիման վրա կտրամադրվի միայն էլեկտրոնային պիտակ, ներկայիս թղթայինի փոխարեն, որոնց քանակները և ծավալներն արդեն խիստ կհաշվառվեն,

մսեղիքի տեղափոխումը կիրականացվի բացառապես սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով՝ բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի։

Հայտարարության մեջ նշվում է, որ փոփոխությունների նպատակն է մի կողմից սպառողներին ապահովել անվտանգ մսեղիքով՝ վտանգավոր մսեղիքը տանելով ոչնչացման, իսկ մյուս կողմից բացառել սպանդանոցային ծագման փաստաթղթերի ներքո ոչ սպանդանոցային մսեղիքի իրացումը։  Սպանդանոցային գործունեություն իրականացնողների համար սպանդանոցային մորթի կարգավորումների մասով կան նաև նոր պահանջներ:

Նոր օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներով պայմանավորված՝ ՍԱՏՄ-ն հորդորում է մինչև հոկտեմբերի 1-ն ապահովել իրավական կարգավորումների պահանջներից բխող անհրաժեշտ միջոցառումները։

ajax-loader