Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ից Ռուսաստան մեքենաների վերաարտահանման արգելքը

Վրաստանը սեպտեմբերի 26-ից արգելում է Եվրամիության երկրներից ներկրվող ավտոմեքենաները վերաարտահանել Ռուսաստան և Բելառուս։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Այսպիսով, Վրաստանը միացել է Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցների ևս մեկ՝ 11-րդ փաթեթին, որն արգելում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1900 խորանարդ սանտիմետր ծավալի շարժիչով փոխադրամիջոցներ, ինչպես նաև բոլոր տեսակի էլեկտրամոբիլներ ու հիբրիդային շարժիչով ավտոմեքենաներ։

«Սեպտեմբերի 26-ից կարգելվի Եվրամիությունից ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ապրանքախմբերի արտահանման տասը կատեգորիաներում մարդատար ավտոմեքենաները զբաղեցրել են առաջին տեղը: Վիճակագրական տվյալները վկայում են, որ այս տարվա առաջին կեսին Վրաստանից Ռուսաստան է վերաարտահանվել 65,8 մլն դոլարի 4840 ավտոմեքենա։ Ռուսաստան մատակարարված մեկ ավտոմեքենայի միջին արժեքը կազմել է 14 հազար դոլար։

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները որոշում էին ընդունել 2023 թ. օգոստոսի 1-ից սահմանափակել ԱՄՆ-ից ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս։

ajax-loader