ԼՂ-ից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»՝ map.socservice.am: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելը ու դրանց հետագա կիրառումը պլանավորելը:

Այս հարթակում կազմակերպությունները հնարավորություն կունենան լրացնել իրենց ռեսուրսները, ինչից հետո հավաքագրված տվյալները հասանելի կլինեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար: Հավաքագրված ռեսուրսները վերջիններիս կողմից կհամակարգվեն և ըստ անհրաժեշտության կօգտագործվեն:

Ներկայում տեղահանված անձանց կարիքները գույքագրվում և բավարարվում են ՀՀ կառավարության կողմից` մարզպետարանների համակարգմամբ:

ajax-loader