ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը:

ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն այս թեմայով հանդես կգա գրավոր հայտարարությամբ:

Եվրոպական հանձնաժողովին է ուղղվել նաև նամակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հարցով, ստորագրողների թվում է Լարս Պատրիկ Բերգը:

Նամակում կոչ է արվում ԵՄ-ին՝ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու էթնիկ զտումները:

Եվրոպական հանձնաժողովին նաև հարցեր են ուղղվել՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն ի՞նչ է մտադիր անել՝ ի պատասխան Ստեփանակերտի վրա Ադրբեջանի հարձակման, ԵՄ-ն ի՞նչ պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել հրադադարի խախտման համար պատասխանատու Ադրբեջանի իշխանությունների դեմ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

ajax-loader