Գլխավոր դատախազն իրանցի գործընկերներին է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, առկա են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդվում են:

ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ Իրանը մտահոգված է ստեղծված իրավիճակով և ընդգծել, որ Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ու ամրապնդմանը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային մի շարք հարցերի:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-իրանական իրավական հարցերով կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:

ajax-loader