Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածը։ Այդ մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջը։
«Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը՝ դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում։ Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը»,- ասված է գրառման մեջ։
#EUMA has been regularly patrolling in the Yeraskh area, including the steel plant, to observe any security & military developments.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 14, 2023
➡️By our 🇪🇺presence, we have contributed to safer and more secure environment. pic.twitter.com/lMv3F1kgjZ
Հայաստանի Երասխ բնակավայրում, որը սահմանակից է Ադրբեջանին, հայ-ամերիկյան ներդրմամբ գործարան է կառուցվում։ Գործարանի կառուցման մեկնարկից ի վեր Ադրբեջանը կեղծ տեղեկություններ էր տարածում, թե այդ գործարանի կառուցումը չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին և խնդիրներ է ստեղծելու շրջակա միջավայրի համար։ Չնայած հայկական կողմի հավաստիացումներին, որ Ադրբեջանի բոլոր պնդումները կեղծ են, իսկ գործարանը կառուցվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 18-ին հրաձգային զենքերից կրակ էին բացել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էին գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ։ Դրանից հետո էլ Ադրբեջանը պարբերաբար կրակում է կառուցվող գործարանի ուղղությամբ՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքներին։