Նոր ուսումնական տարում Գավառում իր գործունեությունը կծավալի գեղարվեստի դպրոցը, որտեղ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին 2021 թվականից՝ հիմնանորոգման աշխատանքների իրականացման պատճառով։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, գեղարվեստի դպրոցի բացման արարողությանը մասնակցել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի տեղակալները և աշխատակազմի աշխատակիցներ, ավագանու անդամներ, Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի դասախոս, «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ի կերպարվեստի բաժնի մասնագետ, արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների մեթոդական և ծրագրային գրականության հեղինակ Դավիթ Դավթյանը, ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը։
Գավառի գեղարվեստի դպրոցը կերպարվեստի մասնագիտացված հաստատություն է` հագեցած մասնագիտական գույքով, տեխնիկայով, ակադեմիական նկարչական նյութերով։ Դպրոցում գործելու են գեղանկարչության, ձեռարվեստի և խեցեգործության բաժիններ։
Գավառի Զորավար Անդրանիկի-18 հասցեում գտնվող նախկին գեղարվեստի դպրոցի շենքը հիմնանորոգվել է ամբողջությամբ՝ ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 47 միլիոն 258 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից ընթացիկ դրամաշնորհով դպրոցին հատկացվել է 2 , իսկ կապիտալ դրամաշնորհով՝ 5 միլիոն դրամ։
Միջոցներն օգտագործվել են գույքի և աշխատանքային անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։