Պետք է մինչև 2026-ն ավարտենք 300 դպրոցի շինարարությունը․ փոխվարչապետ

Կառավարության որոշմամբ դպրոցաշինության ոլորտում կսահմանվեն գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ պետական գնումների շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերը շինարարական ընկերությունների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու են կայացրել այս որոշումը։

«Մենք պետք է մինչև 2026 թվականն ավարտին հասցնենք կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը։ Մենք պետք է սկսենք ու ավարտենք թվով 170, նաև՝ Երևանի մի քանի՝ մինչև 10-12 դպրոցների շինարարություն, որ արժեքով գերազանցելու են 400 միլիարդ դրամը։ Դա նշանակում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում պետք է մեծ ծավալի աշխատանք կատարենք․ հայտարարենք մրցույթներ, ընտրենք կապալառու կազմակերպություններին և այն պայմանագրերը արդյունավետ ձևով կառավարելով երաշխավորենք, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով և որակով կիրականացվեն»,- ասաց Խաչատրյանը։

ajax-loader