Կառավարությունը հաստատեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030-ի ռազմավարությունը

Կառավարությունը հաստատեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է անվտանգ և դիմակայուն պետություն ունենալու և համապատասխան ստանդարտներ ապահովելու հրամայականից։

Նշեմ, որ բնածին վտանգների տեսանկյունից Հայաստանի տարածքի 100 տոկոսը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 տոկոսը՝ սողանքների, 30 տոկոսը՝ սելավների և ջրհեղեղների և այլն։ Տեխնածին վտանգները նույնպես զգալի ռիսկի աղբյուր են:

Կլիմայի փոփոխության ազդեցությունները զգացվում են ողջ աշխարհում, և Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ։ Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում տեղի է ունենում քաղաքային բնակավայրերի գերբնակեցում (ուրբանիզացիայի մակարդակը կազմում է 55-60%), ինչը հանգեցնում է աղետների ռիսկի մեծացման»,- ասաց Սարգսյանը։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ այս ոլորտում ձեռքբերումներ եղել են՝ ձևավորվել է «911» ծառայությունը, ստեղծվել են ճգնաժամային կառավարման կենտրոններ, ներդրվել են վաղ ազդարարման համակարգերը։

«Սակայն դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար են, որպեսզի աղետների ռիսկի կառավարման ողջ ցիկլը հնարավոր լինի ծածկել»,- նշեց Սարգսյանը։

Նախագծի շրջանակներում առանձնացվել են 5 գերակայություններ, որոնք հիմնաքարային են լինելու արդյունավետ համակարգի զարգացման համար. 1) աղետների ռիսկի կառավարման համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավում, 2) աղետների ռիսկի կառավարման տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավում, 3) մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ, 4) անվտանգության մշակույթի ամրապնդում, 5) աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում և պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում։

ajax-loader