ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծին: Նախագիծն ԱԺ հանձնաժողովում ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Տարեսկզբին ունեցել ենք 1 տրլն 947 մլրդ դրամի եկամուտների կանխատեսում, տարվա ընթացքում եկամուտներն ավելացել են 110 մլրդ դրամով: Իսկ ծախսերը պլանավորված էին 2 տրլն 184 մլրդ, ավելացել են 103 մլրդ դրամով: Արդյունքում պլանավորված դեֆիցիտը նվազել է 6.5 մլրդ դրամով: Փաստացի ծախսերը, որոնք պլանավորված էին մեր ճշգրտված ծրագրով, կատարվել են 100.2 տոկոսով՝ եկամուտների մասով և 98 տոկոսով՝ ծախսերի մասով, որի հետևանքով ունենք դեֆիցիտի 78 տոկոս կատարողական, այսինքն՝ 56 մլրդով ավելի պակաս, բացարձակ առումով՝ 179 մլրդ դրամ»,-ներկայացրեց Հովհաննիսյանը:
Խոսելով 110 մլրդ դրամով եկամուտների ավելացման մասին՝ նախարարը նշեց, որ հարկային եկամուտները եղել են 81 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 51 մլրդ դրամ: Պաշտոնական դրամաշնորհների մեջ պակասեցում է եղել 21.9 մլրդ դրամով:
Նկատվել է նաև մաքսատուրքի նվազում, որը կապված է ընդհանուր ԵԱՏՄ տարածքում ներմուծումների ծավալի նվազմամբ:
Խոսելով պարտքի մասին՝ նախարարն ասաց, որ պետական պարտքն ԱՄՆ դոլարով կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար, իսկ դրամով արտահայտված՝ 4 տրլն 186 մլրդ դրամ: Դրամով պարտքը նվազել է, իսկ դոլարով պարտքը՝ աճել:
«Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, որը պլանավորված էր 58.4 տոկոս, իջել է 46.7 տոկոսի: Եթե դրամի արժևորման գործոնը չեզոքացնենք, ապա մեր պարտքը կլիներ 53 տոկոսի շրջակայքում»,-ասաց Հովհաննիսյանը: