Մոսկվայում այսօր Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ գագաթնաժողովն է, սպասվում է 2 փաստաթղթի ընդունում

Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով:

«Կոմերսանտ»-ը գրում է՝ «գագաթնաժողովի արդյունքում, ամեն դեպքում, Մոսկվան հույս ունի, որ պետք է ընդունվի առնվազն երկու փաստաթուղթ»։

Հրատարակության համաձայն՝ «այդ փաստաթղթերի համակարգումը տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները, որը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Մյուսը՝ Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկել են երեք երկրների արտաքին գործերի նախարարությունները։

Լրատվամիջոցը մատնանշում է այն փաստը, որ փաստաթղթերի ընդունումը, «որոնք 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, պաշտոնականացնում են ռուսական կողմի միջնորդական գործունեությունը, Մոսկվային թույլ է տալիս խոսել կատարված աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին և ընդգծել նրա դերը Հարավային Կովկասում (մայիսի սկզբին ԱՄՆ-ում և մայիսի 14-ին Բրյուսելում բանակցությունների արդյունքներից հետո ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել)։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը երեկ արդեն մեկնել է Մոսկվա, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս գտնվում էր ՌԴ-ում:

ajax-loader