Սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը․ ԵՄ

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի հարձակման առնչությամբ։ Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին, մասնավորապես, գրել է․

«ԵՄ-ն ափսոսում է զինված բախումների համար, որոնց հետևանքով  հայ-ադրբեջանական սահմանին Տեղի հատվածում զոհվել և վիրավորվել են հայ և ադրբեջանցի զինծառայողներ։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը»։

Խոսելով սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունների մասին՝ դիվանագետը կոչ է արել ակտիվացնել դրանք։

«Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ», -հավելել է դիվանագետը:

ajax-loader