Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա։ Արայիկ Հարությունյանն այդ մասին օգոստոսի 31-ին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից

Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնվող անդամների հետ ապրել Արցախում, առավելապես ընդգրկվելու եմ Արցախի անվտանգության ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանություններին: Իմ այս քայլն ուղղված է նաև Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի: Խաղաղություն, բարօրություն ու հավերժականություն Արցախ աշխարհին ու հայ ազգին»,- գրել է Հարությունյանը։ 

ajax-loader