Բելգիան ու ԵՄ-ն կլինեն Հայաստանի կողքին հավակնոտ ծրագրերի իրականացման ճանապարհին․ Հաջա Լահբիբ

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Երևանում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ընդգծեց այն իրողությունը, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումները թեև կրում են կանոնավոր բնույթ, բայց արդեն ութ տարի է, ինչ Բելգիայի ոչ մի արտգործնախարար ոտք չէր դրել հայկական հողի վրա, հետևաբար ժամանակ է փոխել այս իրավիճակը։

Բելգիայի արտգործնախարարը նշել է, որ 30 հազար հայեր ամբողջ սփյուռքից այսօր գտնվում են Բելգիայում, ինչը երկուստեք մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այդ սերտությունն, ըստ Լահբիբի, բնականաբար արտահայտվում է երկու երկրների միջև դիվանագիտական շատ հարուստ հարաբերություններով, և պատահական չէ, որ Բելգիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել դեսպանություն բացել Հայաստանում։

«Այս հզոր ժեստը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ենք տալիս մեր քաղաքական հարաբերություններին։ Մեր կամքն է ավելի ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում»,- ասաց Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Երևանում մեծ հուզմունքով  է հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա շեշտել է, որ առաջադեմ մարդկության պարտավորությունն է չմոռանալ պատմության այս ողբերգական էջը և ամեն ինչ անել՝ խուսափելու դրա կրկնությունից։

Բելգիայի արտգործնախարարը ասուլիսի ընթացքում առանձնակի կարևորություն է տվել արդյունավետ գործընկերությանը՝ նշելով, որ բելգիական մի շարք ընկերություններ ցանկություն ունեն կապեր ստեղծել հայ գործընկերների հետ և այդ ցանկությունը փոխադարձ է։ Հոկտեմբերին բելգիական կողմը կիրականացնի կարևոր առաքելություն՝ ի դեմս վալոնական առևտրային գործակալության, որին կհաջորդեն նոր առաքելություններ։ Նախարարի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համապարփակ համագործակցության համաձայնագիրն արդեն տալիս է կոնկրետ արդյունքներ մարդու իրավունքների պաշտպանության և արդյունավետ կառավարման բնագավառներում։  

«Հայաստանը հանձնառու է շարունակել բարեփոխումները՝ վերացնելով բոլոր տեսակի խտրականությունները, ավելի արդյունավետորեն պայքարելով կոռուպցիայի դեմ։ Բելգիան ու ԵՄ-ն կլինեն Հայաստանի կողքին հավակնոտ ծրագրերի իրականացման ճանապարհին։ Եվրամիությունն արդեն իսկ նպաստում է Հայաստանում կայուն, նորարական տնտեսության զարգացմանը՝ աջակցելով տարբեր ստարտափերին, փոքր ու միջին ձեռնարկություններին։ Մենք նաև մասնակցում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանն ու Երևանում արդիական տրանսպորտային ցանցի գործարկմանը։ Բելգիան 2024 թվականի հունվարի 1-ից կստանձնի ԵՄ ղեկավարությունը։ Հայաստանը եվրոպացիների համար կարևոր գործընկեր է, հետևաբար համաշխարհային այս դժվար ու անկայուն իրավիճակում Բելգիան ցանկանում է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ»,- ասաց Բելգիայի արտգործնախարարը։

ajax-loader