ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են Հնդկաստանով և Չինաստանով ռուսական հացահատիկ ներկրելու տարբերակը

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են տարածաշրջանին ռուսական հացահատիկի մատակարարումների հնարավորությունը Հնդկաստանի և Չինաստանի տարածքով։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը, որը նախագահում է կազմակերպության երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը։

«Մենք քննարկեցինք ԱՍԵԱՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրաներդրումային համագործակցության իրականացումը, օրինակ՝ ԱՍԵԱՆ-Ռուսաստան սեմինարը էլեկտրոնային առևտրի վերաբերյալ, Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ԱՍԵԱՆ-ին», – մեջբերում է Detik հարթակը նրա խոսքը:

Հասանը նաև մեկնաբանել է ռուսական ցորենի ներկրման հնարավորությունը Չինաստանից և Հնդկաստանից։

«Այո, այժմ դա (խմբ․՝ Ռուսաստանից հացահատիկի ներմուծումը) հեշտ բան չէ… Մենք քննարկեցինք, որ եթե ցանկանում ենք պարզեցնել մատակարարումները, ապա կարող ենք անցնել Հնդկաստանով կամ Չինաստանով…: Որովհետև մենք Հնդկաստանի և Չինաստանի հետ խնդիրներ չունենք»,- ասել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ տարածաշրջանում ցորենի պակաս չկա, և հնարավոր են նաև այլ երկրներից մատակարարումներ։

«Ուղղակիորեն (Ռուսաստանից) դժվար է (ներմուծել), բայց մենք ցորենի հետ կապված խնդիրներ չունենք: (Ցորեն) շատ կա Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, այնպես որ, խնդիրներ չկան», – հավելել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը:

ԱՍԵԱՆ-ի կազմի մեջ են մտնում Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Բրունեյ Դարուսսալամը, Վիետնամը, Լաոսը, Մյանման, Կամբոջան։

ajax-loader