ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի «մարիխուանա» թմրամիջոցի մաքսանենգության դեպք

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը:

Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ: Video Player Նշված պոմպերի միջից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մետաղյա գլանաձև տարաներ, որոնց վրա սոսնձված են եղել մետաղյա փականներ։

Նշված մետաղական գլանաձև տարաները բացելուց հետո պարզվել է, որ գլանակներից յուրաքանչյուրում առկա է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ: Դրանք լցված են եղել «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածով։ Նշված մետաղական գլանաձև տարաների մեջ առկա զանգվածների քաշը կազմել է 1820 գրամ։ Տվյալ պահին պարզ չի եղել նշված մարիխուանա տեսակի թմրամիջոցի իրական հասցեատերը, ուստի որոշվել է իրականացնել համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ։

Գլանակներում տեղադրվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և կազմակերպվել է դրանց տեղափոխումը Երևան։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, փոխարինված զանգվածներով մետաղյա էլեկտրական պոմպերը ստանալուց անմիջապես հետո, թմրանյութերի մաքսանենգություն կատարելու մեջ անմիջական ծագած հիմնավոր կասկածով Երևանի Տիգրան Մեծ պողոտայից ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ս․Կ-ն:

Վերջինս տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչություն։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

ajax-loader