Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանը՝ Արցախին նվիրված Օկամպոյի զեկույցի մասին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն:

«Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է: Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներն օգտագործում է տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը ջնջելու համար»,- գրել է Էսրայելյանը՝ իր հետևորդներին կոչ անելով տարածել ամբողջական զեկույցը:

Արցախի Հանրապետության նախագահը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանո՞ւմ է ցեղասպանություն հանցագործությանը:

Օգոստոսի 7-ին ստացվել է մեծավաստակ գիտնականի զեկույցը:

Օկամպոյի զեկույցը բաղկացած է երեք հիմնական մասերից և անդրադառնում է Արցախում ընթացիկ ցեղասպանության հանցագործության՝ որպես այդպիսին հիմնավորմանը, դրա պատասխանատուների նույնականացմանն ու հետաքննման հնարավորություններին, ինչպես նաև հանցագործության կանխարգելման ճանապարհներին։

Ավելի վաղ զեկույցին անդրադարձել էր նաև ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը՝ այն գնահատելով որպես մասնագիտական բարձր որակներով, օբյեկտիվ և փաստական տվյալներով հիմնավորված ավարտուն աշխատանք։ «Զեկույցը միարժեքորեն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է շարունակական ցեղասպանություն, ինչը հիմնավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի շրջանակներում, որը ցեղասպանություն է սահմանում նաև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Հեղինակն ասվածը հիմնավորում է՝ հղում կատարելով Սրեբրենիցայում ցեղասպանական գործողության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի, բնակչությանը սննդից, բժշկական օգնությունից, ապաստարաններից և հագուստից զրկումը համարվում է ցեղասպանություն»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

ajax-loader