Վարդենիսում «Համայնքապետի գավաթ» մինի ֆուտբոլում հաղթել է «Սոթք» թիմը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացված «Համայնքապետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարում հաղթող է ճանաչվել Սոթք գյուղի համանուն թիմը։

Ինչպես տեղեկացնում է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, մրցաշարին մասնակից ութ թիմերից եզրափակիչ են դուրս եկել  «Սոթք» և «Ակունք» թիմերը։

Գեղեցիկ և գոլառատ հանդիպումն ավարտվել է մարտական ոչ ոքի՝ 4։4 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Սոթքի»  ֆուտբոլիստները, իսկ պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Վարդենիս» թիմը։

Մրցաշարի ընթացքում աչքի ընկած ֆուտբոլիստները «Լավագույն դարպասապահ», «Լավագույն պաշտպան», «Լավագույն կիսապաշտպան» և «Լավագույն հարձակվող» անվանակարգերում հուշանվերներ են  ստացել  Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանից։

Ապա մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին համայնքի ղեկավարը պարգևատրել է մեդալներով, պատվոգրերով ու դրամով։

«Սոթք» թիմը պարգևատրվել է 200 հազար, «Ակունք» թիմը՝ 150 հազար և «Վարդենիս» թիմը՝ 100 հազար դրամի չափով։

Մրցաշարի գավաթը հաղթող թիմին հանձնել է Վարդենիս համայնքի ղեկավարը։

ajax-loader