Պարեկները հղի կնոջն իրենց մեքենայով տեղափոխել են ծննդատուն․ նա երկվորյակ է ունեցել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Արտաշես Կոստանյանը Նոր Նորք վարչական շրջանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, օգոստոսի 2-ին,ծառայություն կատարելիս են լինում, երբ Peugeot մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտենում է նրանց և հայտնում, որ ինքը տաքսի է վարում և իր ուղևորը հղի է, նրա մոտ ցավեր են առաջացել։

Կայքի հաղորդմամբ՝ պարեկներն այդ մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին, որի հանձնարարականով էլ կնոջը Peugeot-ի միջից տեղափոխում են պարեկային ծառայողական ավտոմեքենա։

Պարեկները կնոջը տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն, բժիշկներին հաջողվում է կնոջն առաջին բուժօգնություն ցուցաբերել ու կարճ ժամանակ անց կինը, որը Լոռու մարզի բնակիչ, 32-ամյա Լուսինե Ք․-ն է, երկվորյակ է լույս աշխարհ բերում։

Երեխաները տղա և աղջիկ են, նրանք մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։

ajax-loader