ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջարկում է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈւՆԵՍԿՕ-ն (ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) հայտարարել է, որ Վենետիկը պետք է ավելացնել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում։ ՅՈւՆԵՍԿՕ-ն մտադիր է խրախուսել հետագայում քաղաքի` ավելի լավ պահպանումը։

«Իտալիայի խորհրդանշական այս քաղաքը կանգնած է անդառնալի վնաս կրելու վտանգի առջև, ինչը պայմանավորված է լայնամասշտաբ զբոսաշրջությամբ, գերզարգացմամբ և կլիմայի փոփոխության պատճառով ծովի մակարդակի բարձրացմամբ», – մեջբերում է BBC-ն կազմակերպության զեկույցից։

ՅՈւՆԵՍԿՕ-ն իր զեկույցում Իտալիայի իշխանություններին մեղադրում է «ռազմավարական տեսլականի պակասի» համար, ինչի պատճառով չեն լուծվում Իտալիայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկի առջև ծառացած խնդիրները։

Ըստ Reuters-ի հրապարակման՝ Վենետիկի քաղաքապետարանի խոսնակը հայտնել է, որ իրենք «ուշադիր կկարդան» կազմակերպության ներկայացրած առաջարկները և դրանք կքննարկեն երկրի կառավարության հետ։

Վենետիկի նախկին քաղաքապետերից մեկը, սակայն, քննադատել է զեկույցը՝ նշելով, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն «միայն քննադատում է և փոփոխություններ անելու համար անհրաժեշտ ֆինանսավորում չի տրամադրում»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է արգելել ոչ միայն մեծ նավերի մուտքը Վենետիկի նավահանգիստներ, այլև նավերի որոշ մոդելների, որոնք շատ են աղտոտում միջավայրը։

Բացի այդ, գլոբալ տաքացման պատճառով բարձրանում է ծովի մակարդակը, և քաղաքը կանգնում է հեղեղումների վտանգի առաջ։ ՅՈւՆԵՍԿՕ-ում նաև վստահ են, որ բարձրահարկ շենքերը կարող են «զգալի բացասական վիզուալ ազդեցություն ունենալ»  քաղաքի վրա և պետք է կառուցվեն կենտրոնից հեռու։ Այս ամենից զատ, Վենետիկ է այցելում տարեկան շուրջ 28 միլիոն զբոսաշրջիկ։

ajax-loader