Ավելի քան 16 հազար մարդ է տարհանվել Կանադայի արևելքում անտառային խոշոր հրդեհների պատճառով

Կանադայի հարավ-արևելքում սաստիկ անտառային հրդեհները հանգեցրել են շուրջ 16 400 մարդու տարհանման: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:

Բացի այդ, վնասվել է մոտ 200 տուն և այլ շինություններ։

Հրդեհն ընդգրկել է հիմնականում Նոր Շոտլանդիա նահանգի անտառները։ Տարածաշրջանի ղեկավար Թիմ Հյուսթոնը հայտարարել է, որ ողջ նահանգում արգելք է սահմանվում անտառային տեղանքում ցանկացած գործունեության, այդ թվում՝ որսի և վրանային հանգստի համար։

«Շատ լուրջ իրադրություն է ստեղծվել նահանգում, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք Նոր Շոտլանդիան պաշտպանելու համար»,- ասել է Հյուսթոնը։

Տեղի իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում լրացուցիչ տարհանում կանցկացվի, քանի որ չորեքշաբթի օրը տարածաշրջանում ավելի շոգ եղանակ է լինելու, իսկ տեղումներ չեն սպասվում առնվազն մինչև ուրբաթ։ Նման եղանակային պայմանները կարող են հանգեցնել կրակի ակտիվ տարածմանը։

Անտառային հրդեհները Կանադայի հարավ-արևելքում մոլեգնում են հանգստյան օրերից:

ajax-loader