Կողբ-ՎարդաՎԱՌ․ փառատոն՝ մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին

Նախորդ շաբաթ Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը՝ տարվա ամենավառ, ամենաթաց, ամենաերաժշտական, ամենաուրախ ու արվեստային, ամենա-ամենասպասված միջոցառումը։

Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն անճանաչելի էին դարձել։
Դաշտը բաժանվել էր փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգիստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն, որտեղ յուրաքանչյուր մարդ կգտներ իր համար հետաքրքրություն:

Մեկնարկային ակտիվությունը գաստրո և էքսպո գոտիներինն էր, որտեղ ներկայացվեցին տարածաշրջանային, տոնական, ծիսական ամենահամեղ, ամենահետաքրքիր ու օգտակար առաջարկները, անցկացվեցին ավանդական խոհանոցի վարպետաց դասեր, մատուցվեց հյուրասիրություն: Արվեստի գոտին առաջարկեց ավելի քան 15 աշխատարան՝ կերամիկա, բատիկա, կարպետագործություն, մանրանկարչություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, վիտրաժ, փայտի փորագրություն, վիտրում, մետաղագործություն, լուսամփոփների պատրաստում և այլն, որտեղ մարդկանց հոսքն ու հետաքրքրվածությունը չէին սպառվում։ Հանգստի «Կանաչ»՝ զով ու հարմարավետ գոտում ներկայացվեցին տեղի նկարիչների աշխատանքները, փառատոնի հյուրերին տրվեց հնարավորություն արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի մասնակցության, ինչպես նաև դիտվեցին, վերհիշվեցին հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերը։

Եվ սա դեռ ամենը չէր: Բաց երկնքի տակ ներկայացվեցին թափոնարվեստի հետաքրքիր ու մնայուն գործեր։ Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտների՝ մայիսի 15-ից հուլիսի 15-ը հավաքած պլաստիկե տարաները վերածվեցին ժամանակակից արվեստի լավագույն նմուշների, որոնք դեռ երկար կծառայեն այդ դպրոցներին, որպես թափոնարվեստ՝ պարբերաբար լցվելով նոր պլաստիկե տարաներով։ Արդյունքում՝ միջավայրի մաքրում, բնության պահպանում, ստեղծագործական մտքի զարգացում, թիմային աշխատանք ու արվեստի գործ։

Երաժշտական գոտին վառվռում էր․ այստեղ ներկայացան Տավուշի մարզի երաժշտական, թատերական խմբերն` իրենց հետաքրքիր ու բազմազան համերգային, պարային ծրագրերով և թատերական ներկայացումներով:

Էքստրիմալ տուրիզմի սիրահարներն ականատեսն եղան անմոռանալի Off-Road շոուի:

Հուլիսի 15-ին երեկոյան ժամը 20։00-ից Կողբը ցնցում էր և լսելի էր ամենուր։ Գրանցվեց ամառվա ամենաՎԱՌ ու խենթ երաժշտական հանդիպումը՝ Նեմրան, Սիրուշոն և Հունաստանից ժամանած DJ Պանտելիսը, ինչպես նաև DJ Dairo-ն և DJ Guevo-ն իրենց վառ, անկրկնելի կատարումներով մի քանի ժամ ակտիվ ու շշմեցուցիչ միջավայր ստեղծեցին Կողբում։ Պարում ու երգում էին բոլորը, իսկ երեկոյի անմիջականությունն ու հասանելիությունն ապահովեցին հաղորդավարներ Անի Խաչիկյանն և Հայկ Պետրոսյանը։

Հուլիսի 16-ին փառատոնային ծրագիրը շարունակվեց վաղ առավոտից յոգայով, վարդավառյան ավանդական պատմությունը, ծեսերն ու խաղերը ներկայացրեց «Վարք Հայոց» խումբն իր թատերականացված ներկայացմամբ։
Կեսօրից հետո Կողբում բոլորը թաց էին՝ դաշտում տեղադրված լողավազանների շնորհիվ մասնակիցների մեծ մասն արդեն ջրվել էր, երբ գործի դրվեցին ջրցան մեքենաները, իսկ թաց միջավայրն ավելի ուրախ և ակտիվ դարձավ, երբ միացան DJ Dario-ն և DJ Guevo-ն։
Այս խելահեղ և վառ օրերի մասնակիցը դարձավ ավելի քան 10․000 մարդ։ Եկել էին տարբեր տեղերից՝ Տավուշի մարզից, հարակից տարածքներից, Երևանից և աշխարհի տարբեր երկրներից։ Կողբը լի էր զբոսաշրջիկներով ու տեղաբնակներով, որոնք վայելում էին հայկական մշակույթն իր բոլոր վառ, կարևոր ու բազմերանգ դրսևորումներով։

Կողբ Վարդավառն փառատոնը ավարտվեց հուլիսի 16-ի, ժամը 17:00-ին։

ԱՅՍ ԱՄԵՆԸ ԱՆՎՃԱՐ ԷՐ!!!

ՋՐԻ ՃԱՄՓԱՆ բերեց վայելք, հաճույք, ուրախություն, մշակույթի ու արվեստի բազմապիսի ճանաչում, տարածաշրջանի ակտիվ ու ցանկալի զարգացում։
ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ։

Միջոցառման կազմակերպիչ` Կողբ հիմնադրամ:

ajax-loader