Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ

Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:

«Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է շուրջ 171 հազար նոր աշխատատեղ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց՝ շարունակում են աճել աշխատավարձերը, օրինակ՝ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն աճել է 13.7 տոկոսով կամ 34. 469 դրամով:

Նրա խոսքով՝ բարձրացման գծով էական դեր ունի մանկավարժների և զինվորականների շրջանում ընթացող կամավոր ատեստավորման գործընթացը:

«Այսօր Հայաստանում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա՝ կամավոր ատեստավորման արդյունքում: 22 ուսուցիչներ այսօր ՀՀ-ում ստանում են ավելի քան 400 հազար դրամ աշխատավարձ: Կամավոր ատեստավորման արդյունքում ունենք շարքային պայմանագրային զինվորականներ, որոնք ստանում են մինչև 599 հազար դրամ աշխատավարձ՝ ներառյալ հարկերը: Դա նախկինի համեմատ կրկնապատիկից առավել բարձրացում է»,-ասաց Փաշինյանը:

ajax-loader