Սփյուռքի ասիմետրիկ ուժն ընդդեմ Արցախի պաշարման

Շատ է խոսվում այն մասին, որ սփյուռքը պասիվ է Արցախի պաշարման խնդիրը միջազգային ասպարեզում բարձրաձայնելու հարցում: Ընդ որում, այստեղ չափման միավոր դիտարկվում են հանրահավաքները, բողոքի ակցիաները, և անգամ շրջանառվում են մտքեր, թե հարկ է ժամանակավորապես շրջափակել արտերկրում Ադրբեջանի դեսպանատները: Ի՞նչ կտա այդ հանգամանքը, լարվածությունից բացի, թերևս՝ ոչինչ: Իսկ, օրինակ, եթե շրջափակվեն միջազգային կառույցների գրասենյակները, որոնք պարտավոր են իրենց բնույթից ելնելով վերաբերմունք դրսևորել Արցախում տեղի ունեցողի նկատմամբ, ապա դա գուցե լինի առավել արդյունավետ:

Վերջին հաշվով, եթե մենք Ադրբեջանի հետ դիմակայությունը տեղափոխում ենք այլ պետությունների տարածքներ, մենք ապահովում ենք միջազգային թամաշա, մինչդեռ գլխավոր խնդիրը պետք է լինի միջազգային կառույցների առաջ շատ հստակ հարցադրումներ անելը, որոնք բխում են հենց այդ կառույցների պարտավորություններից: Օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հիշեցնել մշակութային ժառանգության պահպանության հարցում սեփական պարտավորությունները, ՅՈՒՆԻՍԵՖ-ին հիշեցնել երեխաների պաշտպանության հարցում իրենց պարտավորությունները, ու փաստ առ փաստ ներկայացնել այն սպառնալիքները, որին ենթարկվում են Արցախի տասնյակ հազարավոր երեխաները, այն ավերածությունները, որին ենթարկվում են հայկական մշակութային հուշարձանները, որ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այդպես, հստակ և հասցեական, փաստական թղթապանակներով ներկայացնել այս կամ այն միջազգային կառույցի պատասխանատվության դաշտում գտնվող խնդիրները, սկսած  Արցախի դեմ  հակամարդկային գործողությունների լուսաբանման խնդիրներից, մինչև միջազգային իրավունքի և համամարդկային արժեքների տիրույթում, գտնվող հարցեր ու խնդիրներ, իրենցով զբաղվելու կոչված տարբեր ինստիտոււտներով հանդերձ՝ ՄԱԿ կամ այլ հովանու ներքո: Ասել կուզի, անգամ միջազգային պատասխանատվության հարցի շեշտադրումը դնել գերազանցապես ռացիոնալ, փաստարկված, պրագմատիկ հենքի, այլ ոչ զգայականության՝ «անարդար աշխարհից բողոքի» տրամաբանության ներքո:

Այդ առումով սակայն, կա մի գլխավոր խնդիր՝ սփյուռքի վերքաղաքական կազմակերպում, երբ հանուն պաշարված Արցախի օգնության մի կողմ կդրվեն ներքաղաքական կամ ներանձնային տարաձայնոությունները: Սա իհարկե մի մեծ արգելակ է, որ ջլատում է այն ներուժը, որ կա սփյուռքում, ու դրա համար պատասխանատու են թե Հայաստանի իշխանությունը, թե Հայաստանի ընդդիմությունը, թե սփյուռքի առաջատար ուժերն ու գործիչների զգալի մասը: Սակայն, այդ ամենով հանդերձ, հայկական սփյուռքն ունի նաև ինքնակազմակերպման մեծ ներուժ և հարկավոր է թերևս անել առավելագույնը դրա ուղղությամբ:

Ի վերջո, բոլոր դեպքերում ակնկալիքը պետք է լինի ոչ թե սփյուռքից մոնոլիտ ստանալը, այլ բազմազան, տարբեր, նույնիսկ շատ դեպքերում իրարամերժ  սփյուռքյան շրջանակներից «ապակենտրոն», սակայն միևնույն առաջնահերթությանը ծառայող գործողություններ ստանալը: Սա անշուշտ բարդ աշխատանք է, բայց Հայաստանը չի կարող իր պետական խնդիրները արդյունավետ սպասարկել, առանց այդ ռեսուրսը դիտարկելու, պարզապես չի կարող այն ռեսուրսի դեմ, որ այդ թվում միջազգային ասպարեզում գործադրում են Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ, տարբեր մոդելներով և սխեմաներով, այդ թվում այսպես ասած ադրբեջանական «սփյուռքի» «առաջացման»:

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3300755.html

ajax-loader