Մահեր, զանգվածային ցույցեր՝ ԼՂ շրջափակմանը զուգընթաց․ «Ազատության» անդրադարձը

Տեղացիներն ասում են՝ իրավիճակը հասել է օրհասական վիճակի, երբ Ադրբեջանը էլ ավելի է սեղմել շրջափակման օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Այս ընթացքում տեղում արդեն երկու հայ երեխա է մահացել։

«Չեմ ուզում գույները մթագնել, բայց այս պահին խոհանոցում ունեմ միայն մի փոքր հնդկաձավար», – ասում է լրագրող Մարութ Վանյանը, որը հուլիսի 18-ին իր բնակարանի նկարով կիսվեց «Ազատության» հետ։

Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքում՝ Ստեփանակերտում, հուլիսի 18-ին լուսանկարված Մարութ Վանյանի խոհանոցը։
Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքում՝ Ստեփանակերտում, հուլիսի 18-ին լուսանկարված Մարութ Վանյանի խոհանոցը։

Վանյանը 100 հազարից ավելի հայերից մեկն է, որոնք շրջափակված են Լեռնային Ղարաբաղում։

Դատարկ սուպերմարկետ Ստեփանակերտում հուլիսի 18-ին։
Դատարկ սուպերմարկետ Ստեփանակերտում հուլիսի 18-ին։

Դեկտեմբերից սկսված շրջափակումը կտրուկ սրվեց վերջին ամսվա ընթացքում՝ կանգնեցնելով Արցախը զանգվածային հումանիտար ճգնաժամի եզրին։

Նախկինում Կարմիր խաչի միջազգային առաքելությունը թույլտվություն ուներ դեպի Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ իրեր տանել և առողջական լուրջ խնդիրներով հիվանդներին Հայաստան հասցնել։

Դատարկ բենզալցակայան Ստեփանակերտում հուլիսի 18-ին: Բենզինն այժմ գրեթե անհնար է գտնել Լեռնային Ղարաբաղում, ասում են տեղացիները:
Դատարկ բենզալցակայան Ստեփանակերտում հուլիսի 18-ին: Բենզինն այժմ գրեթե անհնար է գտնել Լեռնային Ղարաբաղում, ասում են տեղացիները:

Բաքուն արդարացնում է ճանապարհի շրջափակումը՝ պնդելով, թե «Հայաստանից եկող Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ»՝ բջջային հեռախոսներ, ծխախոտ, բենզին։

Հումանիտար կազմակերպությունը պատասխանել է. «Կարմիր խաչին պատկանող մեքենայի մեջ ոչ մի չարտոնված իր չի հայտնաբերվել»։ Միաժամանակ հավելել են. «Մենք ափսոսում ենք, որ առանց մեր իմացության չորս վարձու վարորդներ փորձել են որոշ առևտրային ապրանքներ տեղափոխել Կարմիր խաչի տարբերանշանի մեքենաներով»։

Ստեփանակերտի բնակիչները հաց գնելու համար հերթում, 18-ը հուլիսի։
Ստեփանակերտի բնակիչները հաց գնելու համար հերթում, 18-ը հուլիսի։

«Անցած շաբաթը շրջափակման ամենածանր ժամանակահատվածն էր»,- ասում է Վանյանը։ Բացի ալկոհոլից, սուպերմարկետում որևէ բան չկա, փոքր բիզնեսներն ու խանութները պարզապես փակվել են, իսկ տերերը՝ գնացել տուն. – «Հացն անգամ, որը պետք է լինի յուրաքանչյուր հայի սեղանին օրական երեք անգամ, դժվար է գտնել։ Պետք է ժամերով հերթ կանգնես փռի առջև, որպեսզի երկու կտոր հաց գնես»։

Ստեփանակերտցի երկու տարեց կանայք՝ հուլիսի 17-ի երեկոյան։ Կանանցից մեկը քարշ է տալիս ծառի ճյուղը, որով հոգալու է վառելափայտի խնդիրը։
Ստեփանակերտցի երկու տարեց կանայք՝ հուլիսի 17-ի երեկոյան։ Կանանցից մեկը քարշ է տալիս ծառի ճյուղը, որով հոգալու է վառելափայտի խնդիրը։

Լեռնային Ղարաբաղի հյուսիսում հուլիսի 8-ին ավտոմեքենայից երկու երեխայի դի են հայտնաբերել, մինչև նրանց մայրը ոտքով գնացել էր մոտակա քաղաք՝ ձեթի և շաքարավազի կտրոն ստանալու։ Մանկահասակ երեխաները՝ 6-ամյա աղջիկն և նրա 3-ամյա եղբայրը, ըստ երևույթին, դուրս էին եկել փողոց՝ փնտրելու իրենց մորը, հետո տեղավորվել չկողպված մեքենայում: Թե կոնկրետ ինչից էր վրա հասել երեխաների մահը, դեռ հստակ չէ։

Շրջափակման դեմ բողոքի ցույց, Ստեփանակերտ, 14-ը հուլիսի։
Շրջափակման դեմ բողոքի ցույց, Ստեփանակերտ, 14-ը հուլիսի։

Օրեցօր աճող հուսահատության ֆոնին՝ հուլիսի 14-ին Ստեփանակերտում հազարավոր մարդիկ հավաքվել էին՝ բողոքելու շրջափակման դեմ:

«Ինչի՞ն եք սպասում»․ բանախոսներից մեկը հռետորական հարց ուղղեց միջազգային հանրությանը. «Արդյո՞ք դուք պետք է ամեն օր դիակներ տեսնեք այս հրապարակում նախքան պատասխանը»:

Ստեփանակերտցիները վաճառվող բանջարեղենի կողքով են անցնում: Տեղական արտադրանքը վաճառվում է նախկինից մի քանի անգամ ավելի թանկ, ինչը շատերի համար անհասանելի է։ Լուսանկարը՝ հուլիսի 18-ի։
Ստեփանակերտցիները վաճառվող բանջարեղենի կողքով են անցնում: Տեղական արտադրանքը վաճառվում է նախկինից մի քանի անգամ ավելի թանկ, ինչը շատերի համար անհասանելի է։ Լուսանկարը՝ հուլիսի 18-ի։

Բաքուն Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարությանը համարում է «միջազգայնորեն ճանաչված իր տարածքի անօրինական օկուպանտներ» և կոչ է անում Ստեփանակերտի ղեկավարությանը հեռանալ իշխանությունից։

Ադրբեջանը միաժամանակ պնդում է, որ հայերին «կտրամադրվեն Ադրբեջանի քաղաքացիների բոլոր իրավունքները» Բաքվի վերահսկողության պայմանով։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայերի մի քանի դաժան սպանությունները, սակայն, որոնց պատասխանատվությունը կրում են ադրբեջանցի զինվորները, շատերին է ստիպում կասկածել Բաքվի պատրաստակամությանը։

Շրջափակման դեմ պաստառներ Ստեփանակերտի կենտրոնում, 17-ը հուլիսի։
Շրջափակման դեմ պաստառներ Ստեփանակերտի կենտրոնում, 17-ը հուլիսի։

Վանյանը պատմում է, որ արցախցիները դեռ բացահայտ չեն խոսում Ղարաբաղից հեռանալու, Հայաստան մեկնելու մասին, «սակայն շատերը հասկանում են, որ ներկայիս պայմաններում չեն կարող երեխայի խնամել։ Ի վերջո, երեխաներին անհրաժեշտ են վիտամիններ և երջանիկ կյանք»։ Բայց կան նաև մարդիկ, ասում է լրագրողը, «որոնք պատրաստ են միայն կանաչեղեն ուտել, քանի դեռ ապրում են իրենց տանը, քանի դեռ պատերազմ չկա»՝ հույս ունենալով, որ իրավիճակը կկարգավորվի։

Ստեփանակերտի խանութներից մեկում ծխախոտի դատարկ դարակներ, 18-ը հուլիսի։
Ստեփանակերտի խանութներից մեկում ծխախոտի դատարկ դարակներ, 18-ը հուլիսի։

Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ասել է․ – «Եթե Արցախի ժողովրդի համար իրավիճակը մեկ շաբաթվա ընթացքում չվերադառնա քիչ թե շատ կայունության միջազգային միջամտության ներքո, ապա մենք կդիմենք ավելի կոշտ գործողությունների թե՛ Արցախում, թե՛ դրանից դուրս»։

Թե հնարավոր ինչ քայլերի մասին է խոսքը, Հարությունյանը չի հստակեցրել։

ajax-loader