ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամին, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման։
«Այս պահին կան նաև բուժառուներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն: Առավոտյան էլ խոսել եմ, և այժմ հնարավորինս մոտ ժամանակներում ակնկալում ենք տեղափոխում իրականցնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:
Անդրադառնալով դեղորայքային պաշարներին՝ նախարարը նշեց, որ այս պահին Արցախում բոլոր պլանային միջամտությունները կասեցված են․ բոլոր դեղորայքային և բժշկակական նշանակության ապրանքները օգտագործվում են միայն անհետաձգելի ու սուր կարիքի պարագայում:
«Դեղորայքային ռեսուրսներն Արցախում, իհարկե, անսպառ չեն․ այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ, քանի որ այս պահին ամբողջ գործընթացը խաթարված է, և Արցախ դեղորայքի նոր խմբաքանակ չի մտնում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հավելեց, որ միջազգային բոլոր գործընկերներին թե՛ կոչերով, թե գրավոր ձևով փոխանցում է ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվությունը:
«Այս բոլոր փաստերը փոխանցվում են նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպական դատարանում Հայասատանի ներկայացուցչական խմբին և այլն: Այս ամենը նաև փաստագրվում է, որպեսզի հետո հիմք հանդիսանա որոշակի պատժամիջոցների համար: Այս պահին պատասխանները գոհացնող չեն, քանի որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց չէ»,- եզրափակեց նախարարը: