Կառավարությունը մտադիր է հիմնել սպայական համալսարան և ավագ դպրոց

Հայաստանի կառավարության ծրագրերում է երկրում ունենալ սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

Վարչապետը նախ կարևորեց, որ և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ անպայման ռազմական կրթությունը ևս ներառվի:

«Մեր ծրագրերում է նաև սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը: Մենք արդեն համոզված ենք, որ այն պետք է տեղակայվի Ակադեմիական քաղաքում, որի ծրագիրն արդեն մտել է իրականացման փուլ: Առաջիկայում կունենանք գլխավոր հատակագիծը, կսկսենք նախագծերը փուլ առ փուլ իրականացնել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հավելեց՝ իրենց դիտարկմամբ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդների թվի զգալի աճ կլինի:

«Դա կապված է նաև մեր կայացրած որոշման հետ, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված, ավարտած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան»,-ասաց վարչապետը:

Բնակարանը կհամարվի նրանց սեփականությունը, սակայն մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն չի լինի:

ajax-loader