Խոշոր հրդեհ՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ում, արևային պանելների պահեստում. պատճառվել է 15 մլն դրամի վնաս

Երևանում, հոկտեմբերի 20-ին,  «Շամպայն գինիների գործարան»-ի տարածքում գտնվող  «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում առաջացած հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 15:30-ի սահմաններում «Շամպայն գինիների գործարան»-ի անվտանգության աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9 և 11 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 6 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված գործարանի տարածքում գործող «Ֆրի Էներջի» արևային պանելների պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 500 ք. մ. տարածք և ներսում պահվող արևային պանելները:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ընկերությանը պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի վնաս:

Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:

ajax-loader