Ադրբեջանը, ի դեմս իր կեղծ բնապահպանների, ֆեյք փաստեր է ներկայացնում Հայաստանի դեմ՝ փորձելով խոչընդոտել մեր երկրի տնտեսական առաջընթացը։ Հրավիրած մամուլի ասուլիսին այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
«Հանքարդյունաբերությունում բնապահպանական միջազգային չափանիշները պահպանելու առումով Հայաստանը շատ ավելի լավ դիրքում է, քան հենց Ադրբեջանը: Ավելին, բնապահպանական խնդիրները լուծելու, թափանցիկ աշխատելու համար մեր պետությունն աշխարհի հեղինակավոր վարկանշային ցուցակներում առաջ է այդ երկրից»,- ասաց Ջհանյանը։
Ըստ նրա՝ մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, և բիզնեսի վրա ազդեցությունը դրա մի մասն է։
«44-օրյա պատերազմից հետո Հայաստանն արագորեն կրճատում է տնտեսական դիսբալանսն Ադրբեջանի հետ, իսկ դա մտավախություն է առաջացնում այդ երկրում, և իրենց բնապահպան հռչակած ադրբեջանցիները փորձում են քայքայել մեր էկոնոմիկան՝ թիրախավորելով հանքարդյունաբերությունը»,- պարզաբանեց Վարդան Ջհանյանը։
Նա նշեց, որ ՀՀ վարչապետը հերհյուրանք է որակել ադրբեջանցիների մեղադրանքը և հայտարարել, որ Հայաստանը տուրք չի տա սադրանքին։
«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ներկայում փաթեթ է պատրաստում, որում ներկայացված են հանքարդյունաբերությանը վերաբերող օրենքների բացերը, առաջարկվում են շտկումներ։ Այն ամբողջական տեսքի բերելուց հետո կներկայացնենք կառավարության քննարկմանը»,- ասաց Ջհանյանը։
Նա նկատեց, որ հայաստանյան հանքերը հիմնականում սահմանային տարածքներում են գտնվում, սակայն դրանք պետք է զարգանան, հզորացնեն մեր երկրի տնտեսությունը։
Այդ նպատակով, ըստ Ջհանյանի, հարկավոր է համատեղ աշխատանք տանել կառավարության, հանքարդյունաբերողների, բնապահպան ՀԿ-ների հետ։