Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները Հայաստանի հասցեին մտացածին են․ ՀՀ վարչապետ

Ադբրեջանի «բնապահպանական» ակտիվությունը շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։    

«Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն։ Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում ու կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրեց Յելի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնի հրապարակած՝ 2022 թվականի աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանշային աղյուսակը։   

«Վարկանշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատեգորիաների վրա, որոնք շրջակա միջավայրի պահպանության հարցերին անդրադառնում են էկոհամակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավայրի տնտեսական գործունեությամբ ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաև չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում։

Եվ, ահա, 2022 թվականի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ։ Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության առաջխաղացումներն ու ձեռքբերումները արտահայտված են նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հրապարակումներում»,- ասաց Փաշինյանը։

ajax-loader