ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը և Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամը նախօրեին ստորագրեցին «ՄոբՄեդ» իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը, որի նպատակն է Սյունիքում և Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ ստեղծելն ու գործարկելը:
Պայմանագիրը ստորագրեցին ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։
«Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ուրախ ենք վերջապես կյանքի կոչել մեր նախագիծը, որի նպատակը որակյալ բուժօգնությունը մարդկանց համար ավելի հասանելի դարձնելն է», – նշեց Արման Ոսկերչյանը։
Հիշեցնենք, որ ՀԵՆԱՐ-ը և Santé Arménie հիմնադրամը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության հետ միասին այս տարվա գարնանը գործարկել են շարժական բրիգադներ Արցախում՝ բժշկական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար։
Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների գործարկման միջոցով գյուղական համայնքներում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնելը: