ՌԴ պետդուման ընդունել է սեռափոխությունն արգելող օրենք

ՌԴ պետդուման հուլիսի 14-ին կայացած նիստում օրենք է ընդունել, որն արգելում է սեռափոխությունը Ռուսաստանում։ Բացառություն կլինեն երեխաների բնածին անոմալիաների բուժման նպատակով բժշկական միջամտությունների դեպքերը։ Այդ մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը։

Ըստ նոր ընդունված օրենքի՝ արգելվում է բժշկական միջամտությունների իրականացումը, ներառյալ՝ դեղամիջոցների օգտագործումը, որոնք ուղղված են սեռը փոխելուն, այդ թվում՝ հակառակ սեռի առաջնային կամ երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը:

Օրենքում ասվում է, որ սեռափոխությունը չի ներառում բժշկական միջամտությունները՝ կապված բնածին անոմալիաների (զարգացման արատների), գենետիկական և էնդոկրին հիվանդությունների բուժման հետ, որոնք կապված են երեխաների մոտ սեռական օրգանների ձևավորման խանգարման հետ:

Նման բժշկական միջամտություններն, ըստ փաստաթղթի, թույլատրվում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բժշկական կազմակերպության բժշկական հանձնաժողովի որոշմամբ։

Օրենքը նաև սահմանում է, որ սեռափոխ եղած մարդիկ չեն կարող երեխա որդեգրել։

Իսկ փաստաթղթերով սեռը փոխել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե տվյալ անձը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն ներկայացնի համապատասխան եզրակացություն՝ տրված բժշկական հանձնաժողովի կողմից։

Օրենքի դրույթները չեն տարածվի այն անձանց վրա, որոնք արդեն ենթարկվել են նման բժշկական միջամտության։

Օրենքի հեղինակն են Պետդումայի 400 պատգամավորները, այդ թվում՝ պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

ajax-loader