Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանին խորհուրդ է տվել լքել Կիևը․ վրացական կողմն այս քայլը վիրավորական է համարել

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը կանչել է Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին և նրան խիստ բողոք հայտնել՝ Վրաստանում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի զգալի վատթարացման պատճառով։ Այս մասին հուլիսի 4-ին հայտնել է երկրի ԱԳՆ-ն։

«Վրացի դիվանագետի հետ հանդիպմանը շեշտվել է, որ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ նման վերաբերմունքը բացարձակապես անընդունելի է: Վրաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն Ուկրաինայի քաղաքացու հանդեպ ծաղրանքը։ Ուստի, Ուկրաինայում Վրաստանի դեսպանին խնդրել են լքել Կիևը և վերադառնալ Թբիլիսի՝ խորհրդակցությունների և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար։ Ուկրաինական կողմն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ անհապաղ քննարկել Միխեիլ Սաակաշվիլիին բուժման և խնամքի նպատակով Ուկրաինա տեղափոխելու հարցը»,- հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ երեկ, փետրվարից ի վեր առաջին անգամ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիին տեսակապով հիվանդանոցից մասնակցել է դատավարությանը։ Նա ներկայացել է ծայրահեղ հյուծված վիճակում։ Կադրերի տարածումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ԱԳՆ կանչել Վրաստանի դեսպանին և վճռական բողոք ներկայացնել ու առաջարկել լքել երկիրը։

Զելենսկիի այս որոշումը, Սպուտնիկի վրացական ծառայության փոխանցմամբ, Վրաստանի իշխանությունների համար վիրավորական է՝ հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի իշխանությունների այս դիրքորոշումը վիրավորական է մեզ համար»,- ասել է Կոբախիձեն։

Նյութի աղբյուր   https://factor.am/664279.html

ajax-loader