Կրթական ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկում է միանգամից երկու մեխանիզմ, որոնք պետք է օգնեն ուսուցիչների թափուր տեղերի պակասի լրացմանը։
«Առաջինը՝ ուսուցիչների գործուղման հնարավորության ընդլայնումն է։ Առաջարկում ենք սահմանամերձ և բարձր լեռնային գոտիներից զատ այլ մարզերի բնակավայրեր ևս գործուղելու հնարավորություն տալ ուսուցիչներին, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։
Երկրորդն՝ առաջարկում ենք մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներին (իրենց կրթության վերջին տարում) գյուղական դպրոցներում դասավանդելու հնարավորություն տալ՝ ուղեկցող ուսուցչի առաջնորդությամբ։ Սա կլինի լավ պրակտիկա ուսուցիչ դառնալ ցանկացողների համար և թույլ կտա նաև դպրոցներում ապահովել այն առարկաների դասավանդումը, որոնց ապահովումն այս պահին խնդիր է»,- ասաց Անդրեասյանը։