Հանքագործների միությունը Հանրային խորհրդում քննարկել է ոլորտի խնդիրները

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը հունիսի 22-ին հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին ՀԽ անդամներ, կառավարության պատասխանատուներ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով Հանքագործների միության անդամ հանդիսացող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանի հարցադրումները։

Քննարկման շրջանակներում Վարդան Մարգարյանը ներկայացրեց ոլորտի վրա դրամի փոխարժեքի արժևորման ծանր հետևանքները՝ ընդգծելով, որ ընկերությունները խորը ճգնաժամի մեջ են, ունեն ֆինանսական խնդիրներ, իսկ շատերը կանգնած են փակվելու վտանգի առաջ:

Հանքագործների միության նախագահի խորհրդական Հայկ Ակարմազյանն իր խոսքում նշեց, որ չնայած հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը վերջերս է ընդունվել, այն չի ներկայացնում առկա ճգնաժամի իրական պատկերը, քանի որ ռազմավարության հիմքում 2021թ-ի տվյալներն են, երբ դրամն արժևորված չէր, իսկ արտադրողները և արտահանողները նման ծանր վիճակում չէին։

Ակարմազյանը միություն աջակցությունը հայտնեց հնչեցված հարցադրումների և առաջարկների ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Աշխատանքային քննարկման ավարտին որոշվեց ամփոփել և պատկան կառույցներին ներկայացնել աջակցության մեխանիզմներ, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու առաջարկներ, տանել հետևողական աշխատանք դրանց կյանքի կոչման ուղղությամբ։

ajax-loader