Հանքարդյունաբերողների միությունն Աժ պատգամավորների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության պատասխանատուներ, «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության» ՀԿ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով ՀԿ-ի ուղարկած նամակը:

«Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ», «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտնել է, որ վերջերս կառավարությունն ընդունել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, ինչը ողջունել է իրենց միությունը: Միայն ֆորմալ ռազմավարություն կամ տեսլական ունենալով, սակայն, հնարավոր չէ զարգացնել այդ կարեւորագույն ոլորտը, կարծում է միության ղեկավարը:

«Գուցե այնքան էլ նկատելի չէ, բայց  ոլորտը ճգնաժամի մեջ է: Եթե կառավարության կամ Ազգային ժողովի  կողմից  ոչինչ չարվի` ճգնաժամն ավելի կխորանա»,- ասել է Վարդան Ջհանյանը և հավելել, որ ճգնաժամի պատճառներից  հիմնականը դրամի փոխարժեքի  արժևորումն է, ինչը ծանր հետևանքներ է թողնում ոլորտի բոլոր արտադրողների եւ արտահանողների  վրա:

Մյուս պատճառը ներդրումների զգալի նվազումն է:  Ըստ նրա` բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս բոլոր ընկերությունները  խոր ճգնաժամի մեջ են, ունեն ֆինանսական խնդիրներ: Շատերը կանգնած են փակվելու վտանգի առաջ: Միության ղեկավարի կարծիքով` օրենսդիր և գործադիր մարմինները չեն անում այնպիսի զգալի  քայլեր, որ ոլորտը գրավիչ դառնա ներդրողների համար: Ըստ նրա՝ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է կա՛մ  հարկային արտոնություններ տալ, կա՛մ որևէ կերպ ազդել դրամի փոխարժեքի վրա:

Բարձրացված խնդիրներին  անդրադարձել են պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ կառավարության եւ Կենտրոնական բանկի նպատակները  չեն տարբերվում հանքարդյունաբերողների նպատակներից:

«Այստեղ խնդիրը ճիշտ բալանսը գտնելն է, որովհետեւ, եթե մենք հիմա ասում ենք, թե ԿԲ-ի գլխավոր նպատակը գների  կայունության ապահովումն է, դա էլ է, ի վերջո, բերում տնտեսական նորմալ իրավիճակի: Որովհետեւ, եթե գների կայունությունը խախտվեց, տնտեսական աճ չենք ունենա: Չնայած, որ մենք որևէ լծակ չունենք և չենք էլ ուզում միջամտել Կենտրոնական բանկի քաղաքականությանը, բայց այդ քննարկումները միշտ համաժամանակյա են կատարվում, քանի որ նպատակները նույնն են»,- նշել է Բաբկեն Թունյանը։

Նա պատրաստակամություն է հայտնել քննարկել ոլորտին աջակցության մեխանիզմները:

«Իրավական առումով ԱԺ-ն և կառավարությունը նման գործառույթ չունեն, սահմանադրական նման պարտավորություն և իրավունք չունեն, ավելին` Կենտրոնական բանկը ևս չունի: Այլ հարց է, որ ԿԲ-ն, լինելով ֆինանսական կայունության և գնաճի պատասխանատու`  Սահմանադրությամբ կարող է իր  գործիքակազմով` միայն այդ տրամաբանության մեջ, որոշակի գործառնություններ իրականացնել, ոչ ավելին: Բայց դա համարվում է ոչ ճիշտ»,- պարզաբանել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Նա հավելել է, որ շուկայական իրավիճակին պետք է հարմարվի տնտեսությունը:

«Չի կարող  պետության մեջ լինել այնպես, որ այլ ապրանքների գինը որոշվի մրցակցությամբ, իսկ փողի գինը որոշվի ֆիքսված տարբերակով»,- ասել է նա:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն էլ հայտնել է, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի քննարկմանը միության  ներկայացուցիչները մասնակցել են: Նրա խոսքով՝ կառավարությունն այդ փաստաթղթում նախանշել է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների պլան, որով պետք է շարժվի  առաջիկա 10 տարում, որպեսզի ոլորտը դառնա ավելի կանխատեսելի:

Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ կառավարությունն ունի բարեխիղճ և երկարաժամկետ պլաններ ունեցող կազմակերպություններին աջակցության մի շարք ծրագրեր, որոնք գործում են:

«Կառավարությունը բազմիցս ասել է, որ չի նախատեսում ուղիղ աջակցություն` գումարի տեսքով: Այդ աջակցությունը պետք է միտված լինի արտադրողականության ավելացմանը», -ընդգծել է Հովհաննես Հարությունյանը:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը`  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ օրենսդիր մարմինը մշտապես պատրաստակամ է քննարկել աջակցության մեխանիզմների հարցը, եթե օրենսդրության հետ կապված հարցեր կլինեն:

ajax-loader