Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանի գրանցած տնտեսական բարձր աճին նպաստող գործոններն ու դրա ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։
ԱԺ-ում բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դեր է ունեցել կառավարությունը 2022 թվականի արդյունքում գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճի մեջ՝ Հովհաննիսյանը նկատեց՝ հանդիպում են կարծիքներ, որ կառավարությունը որևէ կապ չունի այդ աճի հետ, և որ տնտեսությունն աճել է կառավարությունից բացարձակապես անկախ պատճառներով: Նա պարզաբանեց, թե ինչ գործիքակազմ ու դեր ունի կառավարությունը տնտեսական աճի համատեքստում:
«Առաջինը հարկաբյուջետային քաղաքականությունն է: Այսինքն՝ մենք մի կողմից հավաքում ենք հարկեր, մյուս կողմից ծախսում ենք այդ գումարները: Երկրորդը՝ կառավարությունը ռազմավարական նշանակության տարբեր ոլորտներում իրականացնում է բարեփոխումներ և հանրությանը մատուցում է բազմապիսի ծառայություններ, այդ թվում՝ անվտանգային»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով նրան, թե վերջին տարիների բարեփոխումներն ինչպես են ազդել Հայաստանի դիմագծի վրա՝ Հովհաննիսյանն ասաց, որ չնայած անվտանգային և լոգիստիկ խնդիրներին՝ Հայաստանը հրաշալի վայր է ապրելու և ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար:
«Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, ֆինանսական կայուն համակարգը, արագ զարգացող հանրային ենթակառուցվածքները և բազմաթիվ այլ գործոններ գրավիչ են դարձրել մեր երկիրը հազարավոր զբոսաշրջիկների, օտարերկրացիների, այդ թվում՝ ռուս ռելոկանտների համար: Այստեղ հսկայական դեր ունի կառավարության ամենօրյա քրտնաջան աշխատանքը, որն ամեն օր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետ միասին փորձում է Հայաստանը քարտեզի վրա դարձնել էական երկիր: Հայաստանը միշտ հայտնվում է Ռուսաստանից արտագաղթողների առաջին եռյակում: Եվ պետք է ուղղակի հարցնել, թե ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը չկա այդ ցանկում: Մենք մրցում ենք մեզնից զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ղազախստանը, ԱՄԷ-ն»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կառավարության հիմնական դերն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կուզեն ապրել, աշխատել ու ներդրում կատարել: