Հայաստանում վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության կտարբերվեն, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանատեղերը տարբերակված գծանշում կունենան:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները:
«Նախածի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի ՏԻՄ կողմից առաջացող խնդիրների արագ կարգավորման հնարավորությունը, կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղերի տարբերակված գունանշումը, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի կիրառման մեխանիզմն ըստ գոտիականության»,-ասաց Սիմոնյանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նկատեց՝ այսինքն՝ գծանշումները հաշմանդամություն ունեցող անձանց համար լինելու են տարբեր, մյուսների համար՝ տարբեր:
Փոխնախարարի խոսքով՝ կլինի նաև գույների ու ձևերի փոփոխություն: Գործող օրենսդրությամբ այդ գույնը կարմիր է: Ըստ նրա՝ դա վերանայման կարիք ունի:
Վճարման առավելագույն չափերն օրենքով արդեն իսկ սահմանված են այսօր: Երբ գոտիավորումը կիրականացվի, համայնքի ավագանու որոշմամբ կսահմանվեն տարբերությունները, թե որ դեպքում ինչ վճար կգանձվի: