Լիբանանի խորհրդարանը 12-րդ անգամ կփորձի հանրապետության ղեկավար ընտրել

Լիբանանի միապալատ խորհրդարանում այսօր տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Պետական բարձրագույն պաշտոնի համար կպայքարեն Ջիհադ Ազուրը, որը 2005-2008 թթ.-ին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, և «Ալ-Մարադա» քրիստոնեական կուսակցության առաջնորդ, ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Թոնի Ֆրանժիեն: Այդ մասին տեղեկաcնում է ТАСС գործակալությունը:

Պատգամավորները 2022 թ. սեպտեմբերից ի վեր հանրապետության ղեկավար ընտրելու 12-րդ փորձն են ձեռնարկելու։ Պետության բարձրագույն պաշտոնը թափուր է մնում հոկտեմբերի 31-ից, երբ գեներալ Միշել Աունը իր վեցամյա լիազորությունների ավարտից հետո լքեց Բաաբդա նախագահական պալատը։ Խորհրդարանում վերջին քվեարկությունն անցկացվել է հունվարի 19-ին, սակայն դրա արդյունքում հաղթող չի եղել։

Ինչպես Al Akhbar թերթին հայտնել է Պատգամավորների պալատի նախագահ Նաբիհ Բերրին, երկու թեկնածուներն էլ մոտավորապես հավասար հնարավորություններ ունեն։

«Ակնհայտ է, որ ո՛չ Ազուրը, ո՛չ Ֆրանժիեն չեն կարողանա հաղթել առաջին փուլում՝ ստանալով 128 օրենսդիրներից 86-ի աջակցությունը, – նշել է նա։ – Երկրորդ փուլում թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 65 ձայն, այսինքն՝ կեսից ավելին»։

Ընդ որում խոսնակը չի բացառել, որ խորհրդարանի առանձին պատգամավորներ կքվեարկեն դատարկ քվեաթերթիկներով, քանի որ նրանք նախապատվություն չեն տալիս հավակնորդներից ոչ մեկին։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է «Ալ-Իտիդալ» սուննի դաշինքը։

«Ամալ» և «Հըզբոլլահ» շիա կուսակցությունների պատգամավորները հունիսի 7-ին հայտարարել են, որ իրենք կաջակցեն Ֆրանժիեին, քանի որ նրան համարում են նախագահի պաշտոնի համար ամենաարժանի քաղաքական գործիչը։ Նախկին նախարարը, որի պապը` Սուլեյման Ֆրանժիեն (1910-1992), Լիբանանի նախագահն է եղել 1970-1976 թվականներին, համարվում է Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադի ընկերը:

Ազուրը հունիսի 1-ին առաջադրվել է ընդդիմության և երկու քրիստոնեական դաշինքների կողմից: Ըստ կանխատեսումների՝ երկրորդ փուլում նա կարող է ստանալ 60 ձայն, քանի որ նրա թեկնածությանը հավանություն են տվել կենտրոնամետները՝ Առաջադիմական-սոցիալիստական ​​կուսակցությունից։

ajax-loader