Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն եւ նախագահ Ջասթին Դիբբին:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը հյուրերը տեղեկացրել են Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին:
«Զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի եւ պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:
Երկուստեք կարեւորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը` բնապահպանական եւ սոցիալական կառավարման միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում: