Հայաստանում ԵՄ առաքելությունը ծրագրում է երեք նոր կետ բացել՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում

Առաջիկա ամիսներին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ կետեր՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ հունիսի 1-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը: Ռիտերը ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը, տեղեկացրել տեղում անվտանգության զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության պարեկներից ստացված դիտարկումների վրա:

Նա նշել է, որ աշխատանքի առաջին երեք ամիսների ընթացքում առաքելությունը, ընդհանուր առմամբ, իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: Ամեն շաբաթ պարեկներն անցնում են ավելի քան 3,800 կմ։

«Առաքելությունը մեկնարկել է աննախադեպ արագությամբ։ Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ կետեր՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք պատրաստվածության։ Մեր նպատակն է՝ նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն»,- ասել Ռիտերը։

Հավելենք, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն աշխատանքը սկսել է փետրվարից՝ երկու տարի ժամկետով։

ajax-loader