Կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ «Լույս»

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես, վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։

«Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 եւ 69.2%-ով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 53.2%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին։

Այս համատեքստում հարկ է նշել, որ կապիտալ ծախսերը 2023թ. առաջին եռամսյակում 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18.2%-ով եւ կազմել 30.4 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 30.8%։ Կատարողականի նման ցածր ցուցանիշը ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարումն ու իրականացումը կառավարության համար շարունակում է մնալ չլուծված լուրջ հիմնախնդիր։

Կապիտալ ծախսերի՝ ծրագրից նման մեծ շեղումը եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ Դրանք 2023թ. առաջին եռամսյակում կազմել են 19.5 մլրդ դրամ եւ 67.9%-ով զիջել են ծրագրային ցուցանիշին։ Ավելին, դրանք 28.9%-ով փոքր են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- ասված է հիմնադրամի վերլուծության մեջ:

Նշվում է, որ 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է նաեւ 2023թ. պետական բյուջեով նշված ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրերի իրականացումը։

Նախատեսված 164 ծրագրից առաջին եռամսյակում փաստացի միջոցներ են օգտագործվել թվով 154 ծրագրի գծով, իսկ ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։

«Ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականի ուսումնասիրությունը ցույց է տալիս է, որ, այս առումով եւս, «առաջամարտիկը» պաշտպանական համակարգն է՝ պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով (2023թ. առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն)։

Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ի դեպ, 2023 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս կառավարությունը բազմիցս շեշտում էր պաշտպանական ծախսերի՝ բյուջեով նախատեսվող աննախադեպ աճը։

Փաստորեն՝ չնայած ծրագրերի գծով բյուջեով նախատեսվել եւ հատկացվել է գումար, այնուամենայնիվ, դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչն առաջին հերթին պատկան մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի վկայությունն է:

Մասնավորապես, վերջին տարիներին սովորական է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ եւ սահմանված ժամկետում կատարելու անընդունակության մասին։ Այս փաստն առավել մտահոգիչ է հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի թերակատարման համատեքստում։

Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի եւ անվտանգային խնդիրների պայմաններում կառավարությունից ակնկալվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք միտված են առաջարկի ավելացմանը։ Իսկ դա, միանշանակ, ենթադրում է մեծածավալ նպատակային կապիտալ ծախսերի կատարում։

Ընդ որում, 2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերի նման թերակատարումը վտանգավոր ազդակ է. մասնավորապես, արձանագրված փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք ամենայն հավանականությամբ կթերակատարվեն նաեւ տարեկան կտրվածքով: Մինչդեռ, 2023թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը՝ որպես դրա կարեւոր արժանիք, նշում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը»,- ասված է զեկույցում:

ajax-loader