Բազմաբնակարան շենքի կառավարիչները պետք է լինեն մասնագետներ․ սպասվող փոփոխություններ

Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար գիտելիքի, փորձառության և նման այլ հարցերի հետ կապված որևէ պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։  

Մինչդեռ իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքների բացակայության դեպքում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում։ Դա էլ իր հերթին հանգեցնում է շենքերի տեխնիկական վիճակի վատթարացմանը: Քաղաքաշինական ոլորտը համակարգող մարմինը որպես լուծում առաջարկում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեություն։

Ի՞նչ է դա իրենից ենթադրում։ «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար նախատեսվում է օրենսդրորեն սահմանել պահանջներ՝ կապված մասնագիտական գործունեության հետ։ Ինչպես նաև պետք է ապահովվեն անհրաժեշտ դասընթացներ՝ գործող աշխատողներին վերապատրաստելու և նոր կադրեր ներգրավելու համար։

«Թեև բազմաբնակարան շենքերը համարվում են քաղաքաշինական բարդ, բարձր ռիսկայնության օբյեկտներ, սակայն շենքերի կառավարումը վստահված է մարդկանց, որոնց նկատմամբ որևէ պահանջ երբևէ սահմանված չի եղել, այդ թվում՝ տարիքի, հոգեկան առողջության, գիտելիքի կամ փորձառության հետ կապված։ Երբ տարիներ առաջ միջազգային ու ազգային փորձագետներով ուսումնասիրություն էր կատարվում, հենց այս հարցը զարմանք էր առաջացրել։ Չէ՞ որ սխալ կառավարումը կարող է վտանգել ոչ միայն շենքի ֆիզիկական վիճակը, այլ նաև մարդկանց կյանքը»,- ասաց Տանյա Արզումանյանը։ 

Լուծումն արմատական փոփոխություն է պահանջում։ Չնայած դրան, պատասխանատուներն այս փուլում կտրուկ փոփոխություններ չեն առաջարկում, քանի որ դրանք կարող են համակարգն ամբողջությամբ հասցնել կաթվածահար վիճակի։ Այդ իսկ պատճառով, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է գնալ փուլային տարբերակով։

Երկարաժամկետ կտրվածքով նախատեսվում է ապահովել այնպիսի պայմաններ, որ կառավարիչներն ընտրվեն պարտադիր ու շատ խիստ չափանիշներով։ Տանյա Արզումանյանը նկատեց, որ այսօր միջավայրը դրան դեռ պատրաստ չէ՝ նման քանակի մասնագետների բացակայության պատճառով, ինչից ելնելով ընտրվել է միջնաժամկետ հատվածում դասընթացների միջոցով աշխատակիցներին վերապատրաստելու տարբերակը։

«Մենք և՛ գործող աշխատողներին վերապատրաստելու խնդիր ունենք, և՛ նոր կադրեր ներգրավելու, քանի որ հանրապետության 19120 բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ առկա են միայն 7951 շենքում, որը կազմում է շենքերի ընդհանուր թվի 41 տոկոսը: Եվ, եթե կլինեն անձինք, որոնք կցանկանան մասնակցել դասընթացներին և վերապատրաստվել այս ոլորտում աշխատելու համար՝ հետագայում նաև նման հնարավորություն կստեղծվի։ Երբ արդեն կունենանք որոշակի ձևավորված մասնագիտական հանրություն, արդեն մեզ կարող ենք թույլ տալ ավելի խիստ պահանջներ սահմանել»,- ասաց Տանյա Արզումանյանը։

Վերապատրաստումների դասընթացների հիմքում լինելու է հիմնականում 4 ուղղություն՝ տեխնիկական, իրավական, ֆինանսական գիտելիքներ, վարչարարության իմացություն։ Բազմաբնակարան շենքի կառավարումը որպես մասնագիտացված գործունեություն դիտարկելուն ուղղված օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները կատարվել են։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականից: Մինչ այդ կհաստատվեն կառավարիչների մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, նրանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգերը, կմշակվեն դասընթացներ:

Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ այս գործընթացին զուգահեռ քննարկումներ են անցկացվում մեկ այլ հարցի շուրջ ևս։ Քննարկվում է այնպիսի մեխանիզմներ ներդնելու հարցը, որոնք մասնագիտական պահանջներին զուգահեռ կառավարման մարմինների նոր՝ իրական ընտրություն իրականացնելու հնարավորություն կտան։  

Գործող օրենսդրությամբ բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 3 եղանակով՝ համատիրություն, լիազորագրային կառավարում և հավատարմագրային կառավարում: Իսկ ձևավորված կառավարման մարմիններ չունեցող շենքերի կառավարումն, օրենքի համաձայն, իրականացվում է համայնքի կողմից:

ajax-loader