Չինաստանում դպրոցի առաստաղի փլուզման զոհերի թիվը հասել է 11-ի

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող միջնակարգ դպրոցի սպորտային մասնաշենքում առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հաղորդում է Xinhua պարբերականը։

Փլատակներում 15 մարդ էր մնացել։ Հուլիսի 24-ին փլատակներից դուրս բերված 4 հոգու կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս մեկ հոգու գտել են մահացած։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին երկրի հյուսիս-արևելյան Հեյլունցզյանի նահանգի Ցիցիկար քաղաքում: Այդ պահին մարզադահլիճում 19 մարդ է եղել։

Հետաքննության նախնական տվյալների համաձայն՝ կառուցման ժամանակ շինարարները անօրինական կերպով տանիքի վրա տեղադրել են պեռլիտ, որն անձրևների ժամանակ ջուր է ներծծել և ծանրացել՝ հանգեցնելով տանիքի փլուզման։

Փրկարարական աշխատանքներն ավարտված են: Ոստիկանությունը ձերբակալել է շինարարական ընկերության պատասխանատուներին:

ajax-loader