Նորաբաց մարզակումբ և Հայփոստի բաժանմունք. «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նվերը` Ոսկեվանին

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքում «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախաձեռնությամբ բացվեց մարզակումբ և վերաբացվեց Հայփոստի բաժանմունքը:

Ոսկեվանի ուժային մարզաձևերի ակումբ ստեղծելու գաղափարի իրականացմանն իրենց աջակցություն են ցուցաբերել Համբուրգից բարերար Սերժ Անգելյանը, օպերային երգիչ Արտակ Ստեփանյանը, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան և «Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպությունը:

Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղի համար մարզադպրոցի բացումը կենսական նշանակություն ունի: Ինչպես Հայաստանի բոլոր հեռավոր գյուղերում, այստեղ էլ երիտասարդության զբաղվածությունը հիմնական խնդիրներից մեկն է:

Նախաձեռնության հեղինակ, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության  նախագահ Սերգեյ Բարսեղյանը, որը ծննդով այս գյուղից է, առանձակի հետևողականությամբ  է լծվել գյուղի տարատեսակ խնդիրների լուծմանը: 

Գյուղի զարգացումը Բարսեղյանը պատկերացնում է երիտասարդության զբաղվածության, աշխատատեղերի ստեղծման, մարզական, մշակութային ձեռնարկումների և դրանցում գյուղաբնակների ընդգրկման մեջ: Այս նպատակին միտված՝ վերջինիս ղեկավարած միության բիզնես-ներդրումային և բարեգործական ծրագրերը նպաստում են, որպեսզի սահմանը ամուր մնա` շեն գյուղով, ոսկեվանցին մնա իր հողում, արարի և բարգավաճի:

Դրա վկայությունն են մարզակումբի բացումը, Հայփոստի վերաբացումը, մշակույթի պալատի տանիքի և պատուհանների վերանորոգումը, կարի արտադրամասի հիմնումը (ընթացքի մեջ է), 44-оրյա պատերազմի զոհվածների ընտանիքներին աջակցությունը և այլն:

«Ոսկեվանի հետ կապս գենետիկ է, գյուղի հիմնադիրներն իմ ապուպապերն են եղել, ու որքան թույլ տան իմ հնարավորությունները, ես պետք է շարունակեմ նրանց թողած գործը: Անդրադառնալով մարզակումբին՝ ասեմ, որ գյուղում շատ տաղանդավոր երեխաներ ունենք, նրանց մեջ հաստատ կգտնվեն ապագա չեմպիոնները: Ուստի, պետք է նրանց մարզել: Հուսով եմ՝ ակումբը կծառայի նպատակին»- armhanq.com-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Բարսեղյանը:

Թեպետ հարակից գյուղերում կան որոշակի սպորտային  խմբակներ,սակայն ուժային մարզաձևերի տիպային ակումբ տարածքում չի գործել: Մարզակումբը նախատեսված է ոչ միայն գյուղի, այլ նաև հարևան Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան, Բաղանիս և Ջուջևան գյուղերի երիտասարդների համար:

Ծրագրի հովանավոր Սերժ Անգելյանը շատ հուզված և ոգևորված էր. իր ֆինանսական աջակցությունը նպատակին է ծառայել:

«Հայրենիքի կողքին լինելը յուրաքանչյուրիս պարտքն է: Ուրախ եմ, որ կարողացել եմ օգտակար լինել, վստահեցնում եմ, որ մեր գործակցությունը կշարունակվի»,- ասաց գերմանաբնակ հովանավորը:

Բացման միջոցառմանը ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, ով վստահեցրեց, որ ակումբի գործունեությունը կլինի անխափան և իրենց ուշադրության կենտրոնում:

Ոսկեվանի դպրոցի նախկին տնօրեն Անետա Սարգսյանն էլ, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց նմանատիպ նախաձեռնության համար և  հպարտությամբ նշեց, որ Սերգեյ Բարսեղյանն իր աշակերտն է եղել:

«Շենացող համայնքներ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահին հանձնելով շնորհակալագիր, ասաց.

«Հայրենիքը միայն զենքով չէ, որ պաշտպանում են, հայրենիքը պահում են տեղում ապրելով, եզերքն ամրացնելով ու սերունդներին այնտեղ շաղկապելով: Մարզակումբի առկայությունը դրա գրավականն է և գյուղի լինելիության ևս մեկ երաշխիքը»։

Միջոցառման ընթացքում հանձնվեցին պատվոգրեր, ներկայացվեցին մարզակումբի ցուցադրական ելույթներ, հնչեցին դրվատանքի խոսքեր:

Ապա տեղի ունեցավ Հայփոստի վերաբացման արարողությունը, որը դեռևս 3 տարի առաջ փակվել էր: Բաժանմունքի վերանորոգումը նույնպես իրականացվել է «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախաձեռնությամբ:

Հայփոստի Հյուսիսային ցանցի տնօրեն Արթուր Աբոյանը, կարևորելով միության հետ գործակցությունը, նշեց, որ իրենց կազմակերպության համար առաջնային է հաճախորդների հարմարավետությունը:

Ոսկեվանի գյուղապետը շնորհակալություն հայտնեց գյուղում ներդրումային ծրագրերի իրագործման համար և հույս  հայտնեց, որ  համայնքի և հայրենակցական միության գործակցությունը կդառնա շարունակական:

ajax-loader