Արժեքավոր խտանյութեր, տնտեսական և բնապահպանական ծրագրեր․ Չաարատը Կապան համայնքի ամենամեծ գործատուն է

 Սյունիքում  «Չաարատի» հանքավայրը հսկայական նշանակություն ունի ինչպես Կապան համայնքի, այնպես էլ ամբողջ հանրապետության համար՝ որպես տնտեսական և սոցիալական ներդրումների կարևոր գործոն։ Հանքավայրի գործունեության մասին armhanq-ը զրուցել է «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։

Ի՞նչ է ներկայացնում իրենից ընկերությունը։

– «Չաարատը» միջազգային կազմակերպություն է, որն ունի երկու հիմնական հանքավայր՝ Կապանում և Կիրգիզիայում։Վերջինը զարգացման փուլում է․ հետազոտված է, պաշարները հաստատված են, սպասում ենք ներդրումների, որ կառուցվի ֆաբրիկան։

Արտահանում ենք երկու տեսակի խտանյութ։ Առաջինը՝ ոսկի-պղինձ, ուր գերակշռողը ոսկին է։ Երկրորդը՝ ցինկի խտանյութն է, որում նույնպես կան ոսկի և արծաթ։

Ովքե՞ր են եղել հանքի առաջին շահառուները։

-Կապան քաղաքը ստեղծվել է հենց հանքի շուրջ։ Ժամանակին այստեղ փոքրիկ ավան է եղել։ Մոտ 200 տարվա պատմություն ունի հանքավայրը։ Ֆրանսիացիներն են սկսել հանքի աշխատանքները, հետո հույները, և աստիճանաբար զարգացրել են։ Սկսել են ձուլարաններից, գնացել տեսել են՝ որտեղ կա հարուստ երակ, հանել են, ձուլել և ստացել  պղինձ։

Այնուհետև տեխնոլոգիաները զարգացել են, հարստացուցիչ ֆաբրիկա են կառուցել, խտանյութեր արտադրել, ուղարկել երկրից դուրս, և քաղաքը սկսել է ընդլայնվել դրա հիման վրա՝ աշխատուժ է պետք եկել։

Ընկերությունն ի՞նչ դերակատարում ունի Կապան համայնքի համար։

Այսօր մեր ընկերությունը համայնքի ամենամեծ գործատուն է,  մոտ 1000 աշխատակից ունենք, ինչպես նաև   շուրջ 500 կապալառու, միասին՝ մոտ 1500 աշխատակից։

Մեր ամենամեծ ներդրումային ծրագիրն «Արևելյան թևն» է, որի հետախուզման հորատման աշխատանքներն արդեն  սկսել ենք։

Լինելով հանքագործ, ես կարծում եմ՝ չպետք է միայն հանքով ապրենք, պետք է դիվերսիֆիկացիա լինի․ տուրիզմը, գյուղատնտեսությունը զարգանան։ Մենք մի շարք  բիզնես ծրագրերի ենք աջակցում, օրինակ՝ գյուղերում կարի արտադրամասեր են հիմնում, պատվերներ ենք տալիս, ապահովում ենք աշխատանքով, որ նրանց բիզնեսն աճի։

Ունեք սոցիալական ծրագրեր՝ գործակցում ենք համայնքապետարանի հետ։ Տեղեկանում ենք համայնքի խնդիրների մասին և օգտակար լինում, աջակցում լուծմանը։

Ընդհանրապես, այս քաղաքում շատ բան պատմականորեն կոմբինատն է կառուցել:

Կապանում մանկապարտեզ ենք կառուցել և կահավորել։ Գույք ենք տրամադրում նաև համայնքի մյուս մանկապարտեզներին։

Վերանորոգել ենք ինֆեկցիոն հիվանդանոցը, կանանց կոնսուլտացիայի բաժինը։ Համայնքի համար ձեռք ենք բերել աղբատար մեքենաներ․ աջակցում ենք բառացիորեն ամեն ինչով։

Իսկ բնապահպանական ի՞նչ ծրագրեր եք իրականացնում, ինչպիսի՞ն է Ձեր գործունեության այդ մասը։

-Ամենակարևորը՝ աշխատում ենք փակ համակարգով, ինչը կարևորագույն նշանակություն ունի աշխարհում։ Մեր արտանետումները ջրի առումով ցիրկուլացիա են արվում, պոչերը գնում են պոչամբար, այնտեղ նստվածք տալիս, և պարզված ջուրը մենք նորից օգտագործում ենք։ Այդ կերպ մեր արտանետումները փակ են, կարելի է ասել՝ չկան։ Դրսի արտանետումներ չունենք, ջուրը կրկին գալիս է հարստացուցիչ ֆաբրիկա։

Շատ մեծ նախագիծ ենք իրականացնում բնապահպանական կայունության առումով՝ պոչամբարների պատնեշի պատվարի ամրացում ենք կատարելու։

Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ կապված պոչամբարների հետ, ընկերության կողմից շահագործվող  Գեղանուշի պոչամբարի լրացուցիչ անվտանգությունը ապահովելու և  հնարավոր խնդիրներից խուսափելու համար ընկերությունը պատվարի կայունությունն ապահովելու ուղղությամբ նախագիծ է մշակում:  Այդ  աշխատանքներում  ներգրավել ենք  նաև միջազգային խորհրդատվական SRK ընկերությանը։  Շուրջ հինգ  և ավելի միլիոն դոլարի գումար է ներդրվելու այդ ծրագրի համար։ Սա լրացուցիչ ծախս է, բայց  արվում է մեր հանգստության համար։ Այնուհետև կատարելու ենք հողի ռեկուլտիվացիա ու   կանաչապատենք, և այդ վայրը դառնալու է շատ կանաչ, ապահով, հարթ ու գեղեցիկ տարածք և բացարձակ պոչամբարի տպավորություն չի թողնելու։

Այլ ծրագրեր էլ ունենք՝ բանկերի ետ ենք աշխատում, որպեսզի վարկ տրամադրեն  կանաչ տեխնոլոգիաների ներդրման համար։ Նախատեսում ենք տեղադրել արևային պանելներ։

Ապաստարան Չաարատի փակ հանքում

Նաև ցանկանում ենք մեր դիզելային մեքենաները փոխարինել էլեկտրականի, ինչը բնապահպանական առումով մեծ պլյուսներ կտա՝ ծուխ չի լինի։ Դրա փորձն ունենք․ դիզելով աշխատող մեքենաներից մեկը վերափոխել ենք էլեկտրականի՝ մեր ուժերով։

Լինելով փակ հանք, շատ էներգիա է ծախսվում օդափոխության համար, այնինչ էլեկտրական մեքենաների դեպքում նման խնդիրներ չեն լինի։

Ի՞նչ եք ձեռնարկում դոլարի փոխարժեքի անկման պայմաններում վնասը մեղմացնելու համար։

-Դոլար-դրամ կուրսի տատանման պատճառով շատ մեծ վնասներ ենք կրել ու շարունակում ենք կրել։  Այդ իսկ պատճառով մեր հաջորդ մեծ ծրագիրը պոչերը հետ՝ հանք տանելն է։ Երբ հանքավայրից հանում ենք հանքաքարը, այնտեղ խոռոչներ են առաջանում։ Մենք պոչերով կլցնենք այդ խոռոչները։

Աշխարհում ընդունված է այդ պրակտիկան, հատուկ խտացուցիչներ կան, որոնք խտացնում են  պոչերը,  ջրազրկում այնքան, որ պոմպերը կարողանան տանել, հետը մի քիչ ցեմենտ է խառնվում և լցվում խոռոչ։ Այնտեղ ամրանում է, քարանում։ Այդ կերպ և՛ հանքի կայունությունն է ամրապնդվում, և՛ պոչամբարի ծավալներն ենք խնայում։

ajax-loader