Պատրաստել տեխնոկրատ կառավարիչներ․ Պոլիտեխնիկն ու ՏԿԵ նախարարությունը ստորագրել են հուշագիր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են գործակցության հուշագիր:

Այն նպատակ ունի զարգացնելու գիտական ու կրթական փոխգործակցությունը, Հայաստանի տնտեսության զարգացման համար պատրաստել և վերապատրաստել տարածքային կառավարման ոլորտի տեխնոկրատ մասնագետների։

Կարևորելով հուշագրի կնքումը՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշել է, որ այն հավասարաչափ կարևոր է երկու կառույցների համար։

«Մեր նպատակն է, երկու կողմերի և ոլորտի մասնագետների ներուժի ներդրման արդյունքում, Պոլիտեխնիկական համալսարանում ստեղծել «Տարածքային կառավարում» անվամբ կրթական ծրագիր, որի ուսումնական պլանն իր բովանդակությամբ կտարբերվի դասական կառավարում մասնագիտության ուսումնական պլանից: Մասնավորապես տարբերվող առարկաները լինելու են ինժեներական և վերաբերելու են աշխարհագրությանը, ընդերքին, էներգետիկային, բարձր տեխնոլոգիաների ոլորտի կառավարման հմտություններին»,- ողջույնի խոսում ընդգծել է Գոռ Վարդանյանը:

ՀԱՊՀ ռեկտորը նշել է, որ մեր պետության տարածքային կառավարման ոլորտի համար անհրաժեշտ է այնպիսի կադրեր պատրաստել, որոնք կառավարչական համապատասխան գիտելիքների հետ մեկտեղ կկարողանան համադրել ոլորտային գիտելիքները և ընդունել գրագետ ու ճկուն որոշումներ։

«Ժամանակակից աշխարհում, երբ կրթությունն ու մասնավոր ոլորտը շտապում են նոր արժեքներ ու բարիքներ ստեղծել, փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, և տարբեր մասնագետներ ինչ-որ նպատակի, մասնագիտական վերջնարդյունքի հասնելու համար ստիպված են լինում անդադար վերապատրաստվել և վերաորակավորման միջոցով մասնագիտական առաջխաղացում ապահովել։ Սակայն երբեմն այդ դեպքում նույնիսկ շատերը չեն կարողանում իրական ժամանակում լինել մրցունակ»,– նշել է ռեկտորը։

Գոռ Վարդանյանը հույս հայտնեց, որ նոր ստեղծվող կրթական ծրագիրը հնարավորություն կտա ոլորտում աշխատող կադրերի արդյունավետ մասնագիտական գործի իրացման համար։

«Ես պոլիտեխնիկական համայնքի անունից պատրաստակամություն եմ հայտնում փորձել ստեղծել այնպիսի ինքնատիպ կրթական ծրագիր, որի վերջնարդյունքը լինելու է մրցունակ և առաջադեմ մասնագետը, որը մեր պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում արագ և ժամանակին կկայացնի ճիշտ որոշումներ»,-ընդգծել է Գոռ վարդանյանը։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը արձանագրեց, որ Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունքում պարբերաբար առաջանում են տարբեր մտքեր, գաղափարներ, որոնք արհրաժեշտություն ունեն կյանքի կոչվելու։

«Այսօր ստորագրվելիք հուշագիրը նոր գաղափարներ իրագործելու և համատեղ աշխատելու հնարավորություններ կտա երկու կողմերին։ Ակնհայտ է, որ մի շարք ոլորտներում, որոնք համակարգում է նախարարությունը, կա մեծածավալ և անընդհատ ավելացող աշխատանք, ցանկություն ավելին անելու, բայց երբեմն մեր մասնավոր գործընկերների դաշտում պետական պահանջարկը չի բավարարվում»,- իր խոսքում նշել է նախարարը։

Գնել Սանոսյանի խոսքով, ծրագրերը, որոնք կառավարությունն իր առջև դնում է, երբեմն կյանքի կոչել չի ստացվում հենց մասնագետ չունենալու պատճառով։ Մյուս կողմից հսկայական չիրացված պոտենցիալ կա բուհական համակարգում, որը կարող է պետական գերատեսչությանը օգուտ բերել:

«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս ուղղությամբ վերջին տարիներին բուհը ակտիվ աշխատանքներ է իրականացնում և նկատելի հաջողությունների է հասել։ Համալսարանում մի շարք մասնագիտություններ կան, որոնք սերտ առնչություն ունեն տարածքային կառավարման նախարարության ոլորտների հետ։ Վստահ եմ, որ համագործակցությունը օգտակար կլինի կողմերի հարաբերությունները այդ ուղղություններով խորացնելու և նախարարության կադրային բազան որակյալ կադրերով համալրելու համար»,-նշել է նախարար Գնել Սանոսյանը։

Համագործակցության արդյունքում կիարականացվեն գիտական և հետազոտական, ինչպես նաև նախագծային աշխատանքներ էներգետիկայի, լեռնամետալուրգիայի, ընդերքի, էկոլոգիայի, բնապահպանության և քիմիայի ոլորտներում: Ենթակառուցվածքների արդիականացման և ժամանակակից պահանջներին բավարարելու նպատակով՝ կիրականացվեն գիտական և հետազոտական, ինչպես նաև նախագծային աշխատանքներ։ Կիրականացվեն նախարարության ոլորտային աշխատակիցների վերապատրաստման և վերաորակավորման ծրագրեր։

Համագործակցության հուշագրի շրջանակում առաջադիմության ցուցանիշների հիման վրա, ՏԿԵ նախարարությունը կկատարի համալսարանի ավարտական կուրսի ուսանողների ընտրություն և կկնքի համապատասխան պայմանագրեր՝ բուհը ավարտելուց հետո Պոլիտեխնիկի շրջանավարտներին ՏԿԵՆ-ում աշխատանքի ընդունելու նպատակով։ Կկազմակերպվեն ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և հետազոտական պրակտիկաները, հնարավորության սահմաններում կնորացվի և կհամալրվի համապատասխան մասնագիտական լաբորատորիաների նյութատեխնիկական բազան՝ մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուսումնական կենտրոններ ստեղծելու հեռանկարով:

ajax-loader